
«Վատ պարողին մի բան է խանգարում»

168.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հիմնավորումը, ըստ որի՝ ինքը 68 տարեկան է ու տարիքը չի ներում՝ մասնակցել ընտրություններին:
«Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ չունի համապատասխան ռեսուրսներ օլիգարխիկ իշխանության դեմ պայքարի մեջ մտնելու համար: Նա տեսավ, որ վերջնականապես կկորցնի անգամ այն հավատարիմ մարդկանց, ովքեր մինչ օրս նրա կողքին են: Մարդկային ռեսուրսներից բացի, նմանատիպ կուսակցություններին միշտ էլ քայքայել է լոպազությունը: Լոպազությունն էլ ո՞նց է լինում: Ամբողջ ժամանակ գոռում-գոչում էին՝ էլ մարտի 1, էլ մյուս, էն մյուս, տարան հասցրեցին, մինչև մարդիկ գնդակահարվեցին, լցվեցին բանտերը»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Այսօր շատերը Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրմամբ ՀԱԿ-ի պառակտումն են կանխատեսում: Հարցին, թե Դուք է՞լ եք այն կարծիքին, որ ՀԱԿ-ի կազմից կուսակցություններ դուրս կգան, Ռուբեն Թովմասյանը պատախանեց. «Այն կուսակցությունը, որը ենթակա է քայքայման՝ անկախ նրանից, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվե՞ր, թե՞ ոչ, միևնույն է, կկազմաքանդվի: ՀԱԿ-ի ամրությունը ես երբեք չեմ զգացել: Սա պարզապես կուսակցությունների հավաքածու է, որը մեծ հաջողությամբ կարող է փլուզվել»:
ՀԱԿ-ն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ ազգային կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»: Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հայտարարությամբ՝ ՀԱԿ-ը չի՞ նպաստում իշխանության վերարտադրմանը: «Իհարկե: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ վաղուց հաշվարկել էր: Մի քանի օր մտածելուց, ձգձգելուց հետո նա ասաց իր կարծիքը»,- ասաց ՀԿԿ առաջնորդը: