Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Կուզենայի, որ լավագույն մարզիկի ընտրությունները լինեին ավելի արդար

Ինչպես գիտենք, օրեր առաջ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2012թ Հայաստանի լավագույն 10 մարզիկների անունները: Շատերի համար մեծ անակնկալ էր, երբ լավագույն տասնյակում տեղ չէր հատկացվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Եվ ահա Մխիթարյան Facebook-ի իր էջում անդրադարձել է այդ փաստին:

«Չնայած ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ ու կուզենայի հանգստանալ, բայց ես տարբեր նամակներ եմ ստանում, ու տարբեր երկրպագուներ գրում են իմ էջում և ուզում են իմանալ իմ կարծիքը տարվա լավագույն մարզիկների ցուցակում իմ չլինելու մասին:
Ուզում եմ ասել, որ այդ խնդիրն ինձ չի հետաքրքրում: Ես երբեք չեմ խաղացել մեդալների կամ կոչումների համար: Ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ օգուտ տալ մեր ազգային հավաքականին, մեր երկրին ու իմ երկրպագուներին, ուրախացնել մեր ժողովրդին եւ շարունակելու եմ ամեն ինչ անել, աշխատել, որպեսզի իմ խաղով ավելի օգտակար լինեմ մեր հավաքականին ու իմ երկրին: Ես կուզենայի, որ լավագույն մարզիկի ընտրությունները լինեին ավելի արդար և ազնիվ, քանի որ սպորտի մեջ մենք պայքարում ենք ազնվության համար: Կարծում եմ` իմ երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանեն և չեն կարծի, որ ցուցակում չլինելու համար ցավ եմ ապրել, քանի որ Հայաստանում կան ինձանից ավելի արժանավոր մարդիկ, ովքեր չկան լավագույն մարզիկների ցուցակում, ինչպես օրինակ մեր շախմատի ոսկե հավաքականի տղաները, ովքեր միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը և նրանց միջոցով արդեն մի քանի տարի ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի մասին: Ասում են, որ ինձ տրվել է օլիմպիական կոմիտեի ոսկե շղթա ու հարցնում են, թե ես արդյոք ստացել եմ այդ մեդալը: Արդեն ասացի, որ ես Հայաստանում չեմ, դրա մասին տեղեկացել եմ լուրերից, բայց չեմ պատրաստվում այդ պարգևը ստանալ, քանի որ ես կարծում եմ, որ պետք է ստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար և ազնիվ մրցակցության արդյունքում, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում: Ես որպես մարզիկ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լավագույն մարզիկներին եւ ցանկանում եմ առողջություն: Ցանկանում եմ, որ եկող տարում մեր մարզիկները նույնպես ունենան մեծ հաջողություններ եւ երջանկացնեն մեր ժողովրդին», – նշել է Մխիթարյանը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս