Բաժիններ՝

Վիճաբանություն՝ Գյումրու ավագանու նիստի ժամանակ

Գյումրու ավագանու այսօրվա նիստը մեկնարկել է վիճաբանությամբ: Ըստ galatv.am-ի՝ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքի շուրջ մեկ տասնյակ բնակիչներ ցանկություն են հայտնել մասնակցել քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում ընթացող ավագանու նիստին, այդ թվում և երեկ քաղաքապետարանում հավաքված գրադարանավարները: Հիշեցնենք, որ նրանց տեղեկացրել են, որ վերանայվելու են հաստիքացուցակները, և որ կադրային կրճատումներ են լինելու:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նիստի մեկնարկին միջնորդել է, որպեսզի առաջին հարկում սպասող քաղաքացիները բարձրանան քաղաքապետի աշխատասենյակ՝ նիստին մասնակցելու, սակայն Սամվել Բալասանյանը չի թույլատրել և սկսվել է լեզվակռիվ:

«Չէ՞ որ օրենքը սահմանում է, որ նրանք կարող են ներկա գտնվել ավագանու նիստին: Ի՞նչ պատճառով չեք թույլատրում, եթե պատճառն այն է, որ տեղ չկա, դա հիմնավոր չէ, աթոռներ բերեք, ավելացրեք, որ մարդիկ գան, նստեն»,- նշել է Լ. Բարսեղյանը:

Ի պատասխան՝ Սամվել Բալասանյանն արձագանքել է. «Ոնց որ թե լավ էինք սկսել աշխատանքը, ինչի՞ էսպես եղավ, այ քեզ բան, գնացեք, ինչքան աթոռ կա բերեք, բայց տեղ չկա»:

Այնուամենայնիվ, նիստին մասնակցել են շատ քիչ թվով գյումրեցիներ: Այս պահին Գյումրու ավագանին քննարկում է քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների, հաջորդ տարվա դրույքաչափերը սահմանելու մասին հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս