Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց

«Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են  նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:

Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ նշված ժամանակից սահմանված է բացառություն, և Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ Ամանորի տոնի կազմակերպումը սահմանափակելը չէ, սակայն հորդորում է խստիվ պահպանել օրենքի պահանջը և զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց:

Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման և ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի և օրինականության պահպանումը»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս