Սերժ Սարգսյանը կհամաձայնի՞ լինել Վարդան Սեդրակյանի խորհրդականը

Ես վստահ եմ, որ քաղաքակիրթ նորմալ պայքարում գործող նախագահը ևս կպարտվի ու կլինի իմ ավագ խորհրդականը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

«Իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ և դրանից հետո ինձ միշտ հարցրել են, թե ինչպե՞ս եմ վերաբերվելու ՀՀ առաջին նախագահի ու երկրորդ նախագահի հնարավոր առաջադրման ժամանակ: Ես բազմիցս նշել, եմ որ երկու նախկին նախագահները չեն առաջադրվի: Եվ կատարվեց այն, ինչ ես կանխորոշել էի»,- ասաց Սեդրակյանը:

Վերջինիս համար ակնհայտ էր, որ այս նախագահական ընտրություններում առաջին երկու նախագահները չեն մասնակցի:  Էպոսագետը նաև գոհունակություն հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ չառաջադրվելու համար. «Գոհ ու շնորհակալ եմ, որովհետև ինքը ավելորդ խոչընդոտներ չստեղծեց իմ քարոզարշավի ընթացքում: Իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել նաև նրա անցած ամբողջ ճանապարհի համար: Կուզեմ ասել նաև, որ արդարությունը երբեք կիսատ չի մնում, այլ պահանջում է լիովին արդար լինել և ելնելով սրանից՝ կցանկանամ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին ևս շնորհակալություն հայտնել ավելորդ արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար»,- նշեց նա:

Վ. Սեդրակյանն անդրադարձավ նաև իր կողմից ժամանակին արված հայտարարությանն, ըստ որի, հանրապետության երեք նախագահները կլինեն իր ավագ խորհրդականները: «Այս ծրագիրը շատերի մոտ հեգնանք առաջացրեց: Բայց ես կարող եմ փաստել, որ առնվազն երկու նախագահների հետ այս հարցը կարող ենք  համարել լուծված: Ինձ համար պատիվ կլինի համատեղ աշխատել Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Ժամանակը ցույց կտա։ Ես վստահ եմ, որ քաղաքակիրթ նորմալ պայքարում գործող նախագահը ևս կպարտվի ու կլինի իմ ավագ խորհրդականը»,- ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս