ՀԱԿ-ի անդամները փոշիանալու են և հեռանալու են Հայաստանից

Արդյո՞ք կտրոհվի Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը, ինչպես վերջերս հաճախ կանխատեսումներ են անում շատ քաղաքագետներ և քաղաքական գործիչներ: ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը galatv.am-ի հետ զրույցում նշել է, որ համաձայն է գոյություն ունեցող կարծիքի հետ:

«Ես էլ եմ կարծում, որ Կոնգրեսը կտրոհվի, բնականաբար կտրոհվի, որովհետև Կոնգրեսի քաղաքական վերնախավը շատ ամբիցիոզ է և արդարացիորեն ամբիցիոզ է: Ի վերջո ցանկացած քաղաքական կուսակցություն, եթե գոյություն ունի, նրա գերագույն նպատակը իշխանության հասնելն է: Սա դասական սահմանում է, և եթե համատեղ ջանքերով իշխանության չեն հասնում, բնականաբար տրոհվում է»,- նշել է նա:

Կոնգրեսի կազմում գտնվող քաղաքական կուսակցություններն, ըստ ՀԱԿ անդամի, ընդամենը իշխանության հասնելու նպատակ ունեն և մշտապես ապավինում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Կոնգրեսի վերնախավը, որոնք քաղաքական կուսակցություններ են, ի վիճակի չեն անգամ դաշինքներ կազմելու և քաղաքական որոշումներ կայացնելու: Ցավալիորեն, դրանք ապավինած լինելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես միակ ողջամիտ քաղաքական գործչի, ինքնուրույն որևէ քայլ անելու ունակություն չունեն: Դա վերաբերում է Կոնգրեսի կազմում գտնվող կուսակցություններից և քաղաքական նախաձեռնություններից շատերին, ոչ բոլորին, բայց հիմնական հատվածին: Դրանք ընդամենը իշխանություն ունենալու խնդիր են հետապնդել»,-նկատել է նա:

Թե որ կուսակցությունների մասին է խոսքը, ՀԱԿ անդամը չի ցանկացել անուններ նշել՝ ասելով, որ ակնհայտ է, թե որոնք են դրանք:

«Չէ, անուններ չեմ տա, դրանք ակնհայտ են, ես չեմ ուզում տալ, որովհետև ինձ համար, ըստ էության, միևնույն է: Ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ լինելու, և միևնույն է՝ նրանցից որ մեկն է այդ պատեհապաշտը կամ անկարողը»:

Սակայն, ըստ նրա, ավելի մտահոգիչ է ոչ այնքան Կոնգրեսի կազմում գտնվող կուսակցությունների տրոհումը, որքան անկուսակցականների, որոնք, նրա խոսքով, շատ ավելին են:

«Այդ հատվածը ոչ թե տրոհվելու է, այլ փոշիանալու է, բնականաբար, որովհետև մարդիկ հուսահատվելու են և հեռանալու են Հայաստանից, քանի որ նրանք ժողովրդավարական և արժանապատիվ երկրում ապրելու խնդիր են փորձել լուծել և չեն կարողացել հասնել դրան»:

Հայ ազգային կոնգրեսի գոյությունը փրկելու միակ ճանապարհը նրա կարծիքով կուսակցություն ստեղծելն է և այդ կերպ որպես քաղաքական ուժ ներկայանալը:

Տեսանյութեր

Լրահոս