ՀՅԴ-ն փորձելու է ուղղորդե՞լ ընտրական գործընթացը
ՀՅԴ-ն համարում է, որ առաջիկա նախագահական ընտրություններով կյանքը Հայաստանում չի ավարտվում, և այն, որ ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրում՝ չի նշանակում, թե մի կողմ են քաշվում:
«Շատ ակտիվորեն մասնակցելու ենք այս ընտրարշավին` որպես քաղաքական ուժ: Մեր քաղաքական գործունեությունը սրանով չի դանդաղելու, ընդհակառակը` ավելի նոր երանգ է ստանալու և ձեր հետ միասին փորձելու ենք ուղղորդել ընտրական այս գործընթացը ճիշտ ուղիով»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն էլ ավելացրեց, որ միայն ընտրությունների, քարոզաշավի ժամանակ չէ, որ լուրջ, պատասխանատու քաղաքական ուժը պիտի իր դիրքորոշումշը դրսևորի:
Եվ Արմեն Ռուստամյանը, և Աղվան Վարդանյանը պնդում էին, որ նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցության նախաձեռնած քննարկումները դրական արդյունք տվել են:
«Մենք չենք հիասթափվել, որ լիարժեք չհաջողեցինք այս ընտրություններին միացյալ օրակարգը վերածել միասնական թեկնածուի: Բայց որ այդ գործընթացն ընկալվեց, որ շատ գաղափարները բոլորն ընդունեցին, դա արդեն հիմք է տալիս մտածելու, որ հաջորդ առիթը կարելի է օգտագործել ավելի լիարժեք այդ գործը կատարել: Կամաց-կամաց, փուլ առ փուլ կգնանք մեր նպատակին կհասնենք»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
«Մեր նպատակն այս երկրում իշխանափոխությունը չէ, մեր նպատակը այս երկրում փոփոխություններն են»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ ներկայացուցիչները շեշտեցին, որ առաջիկայում բոլոր միջոցներով ևս հետամուտ են լինելու կուսակցության ներկայացրած յոթ կետանոց օրակարգի իրականացմանը:
Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին մասնակցելուն, Արմեն Ռուստամյանը նշեց, որ մինչ այդ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ընտրություններն իմաստ ունենան, ինչն այս ընտրությունների ժամանակ չհաջողվեց:
«Երբ ընտրական գործընթացի ժամանակ պետական ապարատը դառնում է ընտրական ապարատ, այդտեղ պայքարի քաղաքական պայքարի դաշտը սահմանափակվում է նվազագույն աստիճանի»,- նշեց Արմեն Ռուստամյանը: