Օգնեմ-չօգնեմ` անձնագիրդ տուր. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Երևանում բնակվող կենսաթոշակառուներին ավետում են, որ քաղաքապետարանից կարող են պարենային ապրանքներ ստանալ՝ որպես օգնություն: Դրա համար պահանջվում է նաև անձնագրի պատճենը:
Բազմաթիվ կենսաթոշակառուների մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ օգնությունն ու անձնագրի պատճենը պահանջելն ուղղակի կապ ունեն գալիք նախագահական ընտրությունների հետ: Ավելին, սոցիալական ծառայությունների աշխատակիցները, նրանց տեղեկացնելով բաժանվող օգնության մասին, հաճախ զգուշորեն խոսք են բացում նաև ընտրություններից, հարցնում՝ ում օգտին եք պատրաստվում քվեարկել:
Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ ինչ օգնություն է տրվում տարեցներին: Տեղեկատվության վարչությունից փոխանցեցին, որ սոցփաթեթներ են տրամադրվում սոցիալապես անապահովներին: Այդ օգնությունը նախատեսված է հաշվառված 21 հազար ծերերի համար՝ Երևանի վարչական շրջաններում: Հարցին, թե ինչ նպատակով են պահանջվում անձնագրի պատճենները, քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից պատասխանեցին, որ դա հասցեականությունն ապահովելու և քաղաքապետարանին հաշվետվություն տալու համար է, քանի որ օգնությունը բաժանվում է Երևանի վարչական շրջաններում՝ թաղապետարանում:
Ի դեպ, նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի սոցիալական վարչությունում օրերս պատրաստակամություն էին հայտնում ընդունել բոլոր ցանկացողների փաստաթղթերը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ հայտատուների տվյալները համադրելու են իրենց ունեցած բազայի հետ, և եթե պարզվի, որ դիմողներն անապահով չեն, օգնություն չեն ստանա:
Մեր այս դիտարկմանը քաղաքապետարանի լրատվական ծառայությունից արձագանքեցին, որ նման բան իրենց հայտնի չէ: Նաև ասացին, որ 41 հազար երեխայի Ամանորի նվերներ են բաժանվելու: Նման ակցիաներ եղել են նաև անցած տարի: Անցյալ տարի, սակայն, ասենք՝ սոցփաթեթներն այսպես համատարած չեն եղել»: