Նախագահականից «Ռենեսանս». մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե առաջիկա նախագահական ընտրություններում ընտրվեք, ո՞րը կլինի Ձեր ամենամեծ ցանկությունը 2013-ին` դա կառնչվի արտաքի՞ն, թե՞ ներքին քաղաքականությանը,- իրեն ուղղված հարցին Սերժ Սարգսյանն այսպես է պատասխանել.
«Կասեմ մեկ բան. ես շատ եմ ցանկանում, որ 2013-ը շատ տարբերվի 2012-ից»: Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Բաղրամյան 26-ում լրագրողների ավանդական ընդունելությունն էր` Ամանորի առիթով, որը, որպես կանոն, տեղի էր ունենում հունվարի 29-ին: Ինչո՞ւ այսպիսի արագություն՝ հարցրինք Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին: Վերջինս ասաց, որ արագություն չկա, պարզապես իրենք առաջնորդվում են ըստ նախագահի զբաղվածության գրաֆիկի:
Ինչպես երևում էր` գրաֆիկն իսկապես խիստ առաջանցիկ էր, որովհետև, ի տարբերություն նախորդ տարիների, երբ Սերժ Սարգսյանը դանդա՜ղ անցնում էր սեղանից սեղան, շարքից շարք, տևական կանգնում լրագրողների մոտ, երեկ «նոն ստոպ» տարբերակով ու նանո-արագությամբ հինգ-տասը րոպեի ընթացքում հասցրեց խփել յուր բաժակը ներկա բոլոր լրագրողների բաժակին, փոքր-ինչ կանգնել տոնական եղևնու տակ ու հեռանալ:
Ինչո՞ւ այդքան արագ,- հիմա էլ հարցրինք աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: «Արագ չէր, նորմալ էր, այսօր դեռ մանուկներին էլ պետք է հյուրընկալենք»: Ինքը չասաց, սակայն մենք գիտենք, որ «Ռենեսանսում» էլ «միջոցառում» ունեին՝ իշխանական կոալիցիան նշելու էր Ամանորը»: