ԵՊՀ ռեկտորը նեղսրտել է և բողոքել Սերժ Սարգսյանին. մամուլ
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ նշանակվելուց հետո լծվել է բուհի հեղինակության բարձրացման գործին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Պատահական չէր, որ այստեղ տարվա ընթացքում երկու անգամ 40 տոկոսով բարձրացավ աշխատավարձը: Ասում են՝ բուհի բարեկարգմանն ուղղված միջոցները տնտեսելու հաշվին են դա ապահովում: Պարզվում է` այս առաջընթացը խաթարում է մյուս բուհերի աշխատանքային անդորրը: Դասախոսները մատնացույց են անում մանկավարժականը` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը ևս:
Երեկ տեղեկություն ստացանք, որ ԵՊՀ-ում էլ են դասախոսները դժգոհ ու պահանջում են, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանը բարեկարգելու գումարներն ուղղի աշխատավարձերի բարձրացմանը, ինչից Սիմոնյանը նեղսրտել է և բողոքել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, դասախոսների ֆինանսական վիճակն ավելի շատ կախված է բուհի կառավարման խորհրդի նախագահի զբաղեցրած պաշտոնից»: