ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման առաջին օրը ԿԸՀ-ն որևէ հայտ չի ստացել
ՀՀ նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրման առաջին օրը` դեկտեմբերի 25-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ հայտ չի ստացել: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը: Թեկնածուների առադրման փաստաթղթերն ընդունելու համար Ամանորի և Ծննդյան տոներին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և հանձնաժողովի աշխատակազմն աշխատելու են հերթափոխով` ամեն օր 9.00 -18.00-ն:
Հերթափոխով է աշխատելու նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը` թեկնածուներին վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքներ տալու համար:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քայլեր են ձեռնարկվում` առաջադրման գործընթացը հնարավորինս անխափան կազմակերպելու համար: Մասնավորապես, թեև նոտարները ոչ պետական մարմին են, սակայն ՀՀ արդարադատության նախարարության հետ աշխատանք է տարվում` նոտարների աշխատանքի կազմակերպման ձևաչափ ընտրելու ուղղությամբ:
Ըստ ԿԸՀ նախագահի, հիմնական խնդիրը կարող է առաջանալ բանկի հետ, եթե թեկնածուները չհասցնեն մինչև դեկտեմբերի 29-ը վճարել գրավի գումարը և ստանալ համապատասխան անդորրագիր: Սակայն, եթե անգամ թեկնածուի կողմից հանձնաժողով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերում այդ անդորրագիրը բացակայի, Ընտրական օրենսգրքի համաձայն, թեկնածուին ժամամակ կտրվի` փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար:
Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման հետ կապված սահմանվելու է նոտարների հերթապահություն: Այժմ մշակվում է կարգը, և այդ մասին լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի նախարարության կայքում:
Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է ԿԸՀ ներկայացվեն տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, նրա լիազոր ներկայացուցչի տվյալները, ՀՀ կենտրոնական բանկում 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Ընտրություններին կուսակցությունների որոշմամբ առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեն նաև կուսակցության որոշումը և կանոնադրությունը, ինչպես նաև գրավոր հայտարարություն` Հանրապետության Նահագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:
Ինքնաառաջադրման միջոցով առաջադրվողների ինքնաառաջադրման մասին դիմումը ներկայացվում է նոտարական կարգով վավերացված: