Դեկտեմբերի 27-ին կսկսվի Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատավարությունը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 27-ին տեղի կունենա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով առաջին դատական նիստը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»՝ վկայակոչելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն աղջկա հարազատների կողմից մերժվել է: 2012թ. մարտի վերջերին՝ տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը 2012թ. ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ՝ Հ. Սարգսյանն, ըստ մեղադրանքի, «խանդի հողի վրա, նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և սպանել է Կարեն Եսայանին»:
Հ. Սարգսյանը մեղադրվում է նաև 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ` 2010-2011թ.թ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4.897.588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով երեք ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնաս` եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` 296.290 ՀՀ դրամ: