Գիշերօթիկում ինձ փայտով ծեծում են
9-ամյա Տիգրան Պապիկյանն արդեն երկու օր է ինչ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է:
Տիգրանը մեկ շաբաթ առաջ փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման խումբը նրան գտավ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում: «Ընկեր Լիլիթը կառատեյի փետով խփելա գլխիս, ու ինքը ինձ միշտ ծեծում ա…դրա համար էլ փախել եմ». պատմել էր տղան:
Երեխան անմիջապես տեղափոխվեց ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Ավելի ուշ՝ երեկոյան, մորեղբայրը վերցրել էր երեխային՝ խոստանալով, որ տանից կվերցնեն փաստաթղթեր և հագուստ և մյուս օրն առավոտյան կվերադառնան: Երկու օր շարունակ մորեղբայրը և երեխայի խնամակալ հանդիսացող պապը տարբեր պատճառաբանություններով խուսափում էին երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տալ:
Դեկտեմբերի 21-ին Պաշտպանի աշխատակազմն ահազանգ ստացավ, որ փոքրիկը նորից փողոցում է: Ոստիկանության միջամտությամբ 9 ամյա փոքրիկին գիշերը 1-ի սահմաններում գտան Այգեստան թաղամասում: Երեխան տեղափոխվեց Ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Այժմ երեխայի հետ աշխատում են համապատասխան մասնագետներ: Նա թեև ունի հարազատներ, բայց վերջիններս խուսափում են երեխայի պատշաճ խնամքն իրականացնելուց:
Հատկանշական է նաև այն փաստը, որ անգործության է մատնված Երևանի Կենտրոն վարչական շրջանիխնամակալության և հոգաբարձության մարմինը, որը կոչված է իրականացնելու երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում:
Նշենք, որ Պաշտպանի աշխատակազմը մտահոգված լինելով այս խնդրով, արդեն գրություններ է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ոստիկանություն և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք