Դատախազը կհրաժարվի՞ մեղադրանքից

Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազը չի շտապում հանդես գալ մեղադրական ճառով։ Նախատեսվում էր, որ դատախազն այսօր կներկայացնի ճառը, սակայն դատական նիստում նա միջնորդեց հետաձգել դատական քննությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածով սահմանված կարգով։ Նշենք, որ սույն հոդվածը վերաբերում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմաններին։

Հիշեցնենք, որ Արման Վեզիրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված արարք կատարելու մեջ՝ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2012թ. ապրիլի 30-ին Ս.Սարգսյան փողոցում, բուկլետներ բաժանելու ժամանակ արձանագրված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ըստ մեղադրանքի՝ Ա.Վեզիրյանը, աշխատելով «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում որպես դիտորդ, հետևել է նախընտրական բուկլետների և թռուցիկների տարածման գործընթացին։ 2012թ. ապրիլի 30-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեդրակ Սարգսյան փողոցում  թռուցիկներ են տարածվել` տների բաց դռներից ներս գցելով կամ քաղաքացիներին հանձնելով: Բաց դռնից բուկլետներ և թռուցիկներ ներս գցելու պատճառով տներից մեկի մոտ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ երկու անձ՝ Արման Վեզիրյանն ու Տիգրան Մանուկյանը միմյանց հարվածել են, որի արդյունքում Տ.Մանուկյանին ձախ ճակատային շրջանի քերծվածքների, արյունազեղման ձևով Ա.Վեզիրյանը պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, որն արտահայտվել է նաև Տ.Մանուկյանին ֆիզիկական ցավ պատճառելով, իսկ Ա.Վեզիրյանը Տ.Մանուկյանի կողմից ստացել է ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով, առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:

Երկուսին էլ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և 2012 թվականի հուլիսին գործն ուղարկել դատարան։ Դատաքննությունն ավարտվել է, սակայն մեղադրող դատախազը դեռևս չի հստակեցրել իր վերջնական դիրքորոշումը։ Խնդիրն այն է, որ նոյեմբերին վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային որոշում՝ անդրադառնալով ծեծ հանցակազմին, որն ուսումնասիրելուց հետո բացառված չէ, որ դատախազությունը վերանայի առաջադրված մեղադրանքը։ Ի դեպ, խոսքը գնում է մեկ հարվածի մասին, ինչը  Սյունիքի մարզպետի  հետ տեղի ունեցած միջադեպի պարագայում ՀՔԾ-ն գնահատեց ոչ բավարար մեղադրանք առաջադրելու համար՝ պատճառաբանելով, որ մեկ հարվածը չի կարող գնահատվել որպես ծեծ։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս