Կրկին անհատական որոշում
Այսօր մամուլում հրապարակված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, 168.am-ի հետ զրույցում` պատասխանելով մեր հարցին, թե արդյոք ճի՞շտ քայլ է համարում Տեր-Պետրոսյանի չառաջադրումը, թե՞ ոչ, պատասխանեց, որ կոռեկտ չի համարում դրան գնահատական տալ, քանի որ «անհատի առաջադրման հետ կապված` որոշումն էլ պիտի անհատական լինի»:
«Բայց առհասարակ, որքանով քաղաքական գործընթացներին մասնակից այլընտրանքային ներկայություն, առաջարկ կամ ծրագիր կա, այդքանով բնականաբար շատ ավելի լավ: Տեսականորեն դեռ ժամանակ կա, որպեսզի ինչ-որ մարդիկ առաջադրվեն` ներկայացնելով սեփական կարողությունները և ունակությունները` որպես այդ պաշտոնի հավակնորդներ: Բայց ավելի կոնկրետ գնահատականներ պատրաստ եմ տալու, երբ կլինեն փաստացի գրանցումներ, և կունենանք փաստացի թեկնածուներ»,- ասաց Տիգրան Ուրիխանյան:
Իսկ հարցին` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը որքանո՞վ կմեծացնի առաջադրվելու մասին հայտարարած ընդդիմադիր թեկնածուների հնարավորությունները, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Երբ կլինեն գրանցումներ, և կունենանք փաստացի թեկնածուներ, այդ ժամանակ կքննարկենք: Համենայն դեպս, քաղաքական դաշտում ծանրակշիռ խաղացողների չմասնակցության պարագայում բնականաբար ավելի շատ են մեծանում առանձնակի մեծ զանգվածների վստահություն չվայելող թեկնածուների շանսերը»: