Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին լուրջ դերակատարն էր
«Բոլոր լուրջ, գլխավոր դերակատարները, որոնք կարող էին մրցակցային ընտրություններ ապահովել, դուրս եկան»,-168.am-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու չառաջադրվելու մասին որոշումը:
Արամ Կարապետյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումն իր համար անակնկալ չէր: Թե ով կլինի Կոնգրեսի թեկնածուն նրա համար դեռևս հստակ չէ, բայց մյուս կողմից էլ արդեն էական չէ:
«Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելով` այդ թեման փակվում է»,- նշեց «Նոր ժամանակների» նախագահը: Թե ինչու Կոնգրեսի առաջնորդը հարցի պատասխանը բավական ձգելուց հետո տվեց, Արամ Կարապետյանի կարծիքով, ուներ հետևյալ պատճառաբանությունը. «Ամենայն հավանականությամբ, պիտի պարզ դառնար, թե Հայաստանում ինչ պրոցեսներ են գնալու: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր երկար մտածում` թեկնածություն դնելով կարո՞ղ է կոնսոլիդացնել քաղաքական ուժերը, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի կամ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածություններին, ըստ Արամ Կարապետյանի, քաղաքագիտական առումով լուրջ չի լինի մտածել, որ նրանք կարող են մրցակցություն ապահովել, քանի որ դեռ մեկ տարի չի անցել խորհրդարանական ընտրություններից, որտեղ նրանց ներկայացրած քաղաքական ուժերը 5-7 տոկոս հավաքեցին:
Արամ Կարապետյանի կարծիքով, քաղաքական դաշտն ամայացված է, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը ուրախանալու որևէ պատճառ չունի: «Հիմա այդ ամենը բումերանգով հարվածելու է իրեն, թող սպասի, գալու է այդ ժամանակը»,- ասաց Կարապետյանը` հիշեցնելով, թե ինչպիսի ավարտ են ունեցել աշխարհում հաստատված բոլոր դիկտատուրաները: