
Վրաերթի է ենթարկվել փոխտնօրենը

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարներ և Արզումանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով նրան անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը պարզել է, որ վրաերթի ենթարկվածը Շինարարներ փողոցի 40-ամյա բնակիչ Վարդան Աբրահամյանն է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Վ. Աբրահամյանը «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քոմփանի» ՍՊԸ-ի փոխտնօրենն է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին, ինչպես նաև՝ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: