Բաժիններ՝

«Սուբուտեքսը» թմրամոլների մոտ ակնկալած մեծ «կայֆն» ապահովում է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, օգտագործման տարբեր փաստերի առթիվ հարուցված քրեական գործերին ծանոթանալու պարագայում, ակնհայտ է դառնում, որ ճակատագրեր խաթարող ու կյանքեր կործանող միջոցների գերի դարձած անձինք վերջին շրջանում առավել հաճախ նախընտրում են օգտագործել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «սուբուտեքս» տեսակի դեղահաբեր:

Հոգեմետ կիսասինթետիկ դեղամիջոց հանդիսացող վերոնշյալ դեղահաբերի մոդայիկ դառնալու պատճառը հավանաբար այն է, որ թմրամոլների ակնկալած մեծ «կայֆն» ապահովելով հանդերձ, դրանք Հայաստանում մատչելի են կամ մատչելի են դարձել իրենց գնի (հայտնի են մեկ հաբը նույնիսկ 15-20 հազար դրամով գնելու մի շարք դեպքեր), ինչպես նաև ձեռք բերման առումով:

Կարծում ենք, վերոնշյալ փաստը պետք է լրջորեն մտահոգի իրավապահ մարմիններին: Կարելի է եզրակացնել, որ մաքսային ծառայությունը կամ սահմանապահներն իրենց դերում չեն, ինչի հետևանքով մաքսանենգ ճանապարհով Հայաստան են անցկացվում «սուբուտեքսի» ոչ փոքր քանակներ:

«Սուբուտեքսի» անօրինական շրջանառության, իրացման առնչությամբ հարուցված բազմաթիվ քրեական գործերից համառոտ անդրադառնանք ընդամենը մեկին: Առաջադրված մեղադրանքի համաձայն` Արամ Համբարձումյանը 2011թ. գարնանը ծանոթացել է Արմեն Սարգսյանի հետ և տեղեկանալով, որ նա վաճառում է «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «սուբուտեքս» տեսակի դեղահաբ, վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նշված դեղահաբերն և՛ իր կողմից գործածելու, և՛ վերավաճառքի նպատակով գնելու վերաբերյալ:

Նույն քր. գործով Հայկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց իրացնելու նպատակի (իր կողմից գործածելու համար), 2011թ. ապրիլից մինչև 2011թ. մայիսի 24-ը ժամանակահատվածում տարբեր օրերի Արամ Համբարձումյանից 15 դեպքով ապօրինի գնել է յուրաքանչյուր անգամ զգալի չափի` մոտ 0,004 կամ 0,008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող, «սուբուտեքսի» համապատասխանաբար կես կամ մեկ ամբողջական դեղահաբ, որը գործածել է ներարկելու եղանակով:

Դարձյալ նույն գործով Արամ Հակոբյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` վերջինս 2011-2012 թթ. ժամանակահատվածում տարբեր օրերի, ընդհանուրը` 25 դեպքով, առանց իրացնելու նպատակի (անձամբ գործածելու համար) իր ծանոթ Արամ Համբարձումյանից ապօրինի գնել է յուրաքանչյուր անգամ զգալի չափի` մոտ 0,004 կամ 0,008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող, «սուբուտեքսի» համապատասխանաբար կես կամ մեկ ամբողջական դեղահաբ, որը գործածել է ներարկվելու եղանակով:

Տվյալ քր. գործով մյուս մեղադրյալն էլ Դավիթ Հակոբյանն է, որը, ըստ առաջադրված մեղադրանքի, 2012թ. մայիսի սկզբներին «սուբուտեքս» տեսակի կես դեղահաբի գումարը նախապես իր ծանոթ Հայկ Պետրոսյանին տալուց մոտ 30 րոպե անց, Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում գտնվող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մոտ, առանց իրացնելու նպատակի՝ իր կողմից գործածելու համար, Հ. Պետրոսյանի օժանդակությամբ, պարբերաբար թմրամիջոց ձեռքբերելու հարցում նրան օժանդակող Արամ Հակոբյանի միջոցով, Արամ Համբարձումյանից գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափի՝ մոտ 0,004 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող կես դեղահաբ, որը գործածել է կուլ տալու եղանակով։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս