Ի՞նչ տիպի պետականություն ենք ուզում ստեղծել (տեսանյութ)

«Կցանկանայի ուղղակի շնորհավորել պարոն Բագրատյանին, որ կարողացավ պահպանել կուսակցության ինքնուրույնությունն այս տարիների ընթացքում»,- այսօր ելույթ ունենալով «Ազատություն» կուսակցության համագումարում` ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Մենք պայքարեցինք տարբեր ձևաչափերով և Հայաստանի անկախ պետականության տարբեր հանգրվաններում, սակայն կուսակցությունը կարողացավ պահպանել իր ինքնուրույնությունը և հավատարիմ մնալ այն ազատական և ժողովրդավարական արժեքներին, որոնց վրա խարսխված է:

Որպես ազատական կուսակցության ներկայացուցիչ` թույլ տվեք հույս հայտնել, որ կուսակցությունը կներկայացնի հասարակության այն սպեկտորը, որը դավանում է համամարդկային արժեքներին»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` խոսելով ազատականության ու ժողովրդավարության մասին, որոնք, ըստ նրա,  ունեն շուրջ երկու հազար տարվա պատմություն:

«Սրանք համամարդկային արժեքներ են, և այսօր Հայաստանը ոչ թե այն ընտրության առջև է կանգնած, թե ո՞ր ուղիով պետք է առաջնորդվի, այլ թե մենք ինքներս մեր հասարակության մեջ ի՞նչ կոնսեսուսի կգանք` ի՞նչ տիպի պետականություն ենք ուզում ստեղծել և ի՞նչ տիպի արժեհամակարգի վրա խարսխված հասարակություն: Դա մեր ընտրությունն է, և, կարծում եմ, ընտրությունների ընթացքում գոնե ազատական թևը կկարողանա քարոզել մեր մոտեցումները և հասու դարձնել հասարակությանը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հրանտ Բագրատյանը «Ազատություն» կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս