«Տաշիրը» 300 երիտասարդների եռօրյա հանգիստ էր կազմակերպել Ծաղկաձորում
«Լիարժեք հանգիստ, ակտիվ քննարկումներ, տարաբնույթ մրցույթներ, երգ, պար, բազմաթիվ փոխադարձ անակնկալներ, ու ամենակարևորը` շատ բարձր տրամադրություն: Ահա այսպիսին էր Լոռու մարզի 300 երիտասարդների եռօրյա հավաքը Ծաղկաձորում, որը նրանց համար կազմակերպել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը` Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Տարիներ շարունակ Կարապետյանների ֆինանսավորմամբ նման հավաքների են մասնակցել հազարավոր երիտասարդներ: ՈՒ մինչ ոմանք պատրաստվում էին «աշխարհի վերջին», այս տարի դեկտեմբերի 21-ին արդեն երկրորդ հավաքն անցկացվեց «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Երիտասարդները հնարավորություն ունեցան առավել անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում շփվել միմյանց հետ, նոր ծանոթություններ հաստատել, քննություններից առաջ հանգստանալ: Նրանց համար նաև հանդիպում-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԼԵՍ հ/կ նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Վանաձորի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, գրող, հրապարակախոս, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը: Ավելի քան երկու ժամանոց աշխույժ քննարկումների հիմնական թեմաները երիտասարդության շրջանում արժեքային համակարգերի վերագնահատման, վերարժևորման, համաշխարհային արժեքների յուրացման, բայց և միևնույն ժամանակ մեր ավանդական ու ազգային արժեքների պահպանման հարցերն էին:
Կամակերպիչների համար անակնկալ էին պատրաստել իրենք` երիտասարդները: Ընդ որում` անակնկալը պատրաստել էին մեկ երեկոյի ընթացքում, իսկ շաբաթ առավոտյան հանգստյան տան բակում հաճելիորեն զարմացած կազմակերպիչների և հյուրերի աչքերի առջև ճերմակաթույր ձյան սավանի վրա փռվել էր հսկա արեգակը, իսկ գեղեցիկ փուչիկներով փողփողում էր հայոց Եռագույնը:
Այնուհետ անցկացվեցին շախմատի, թենիսի, գիտակների մրցույթներ, որոնց հաղթողները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ԼԵՍ հ/կ կողմից արժանացան հուշանվերների, պատվոգրերի ու դրամական մրցանակների:
Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ ևս 300 երիտասարդներ իրենց եռօրյա հավաքը Ծաղկաձորում կանցկացնեն 2013թ. հունվարի 25-27-ը»:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ