Ադիբեկյանը խորհուրդ է տալիս կաշառել ընտրողներին

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ 2013թ-ի նախագահական ընտրությունները կլինեն նորմալ ընտրություններ, այնպիսին, ինչպիսին եղան այս տարվա խորհրդարանական ընտրությունները:

Ադիբեկյանի կարծիքով, այս ընտրություններում նույնիսկ ընտրակաշառք համարյա չի լինի`շնորհիվ ԲՀԿ-ի խաղից դուրս գալու: «Քանի որ հիմա ֆինանսապես ուժեղ քաղաքական ուժ չի մասնակցում, պարզ է, որ կաշառքների թիվը կտրուկ կնվազի, բայց չի անհետանա»,- այսօր լրագրողների հետ պանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը` բացատրելով, որ յուրաքանչյուր տարածքի պատասխանատու, ում առջև խնդիր է դրված ինչ-որ քանակի ձայներով ապահովել, ամեն ինչ կանի այդ ձայները ստանալու համար: Ըստ Ադիբեկյանի, այդ պատասխանատուն  «սայլարկա է բաժանում, սերմացու է տալիս», իսկ կենտրոնական շտաբը կարող է նույնիսկ դրա մասին պատկերացում չունենալ:

Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանի ընտրակաշառքը բոլորովին էլ բացասական երևույթ չի համարում: Նա նույնիսկ պատմեց, թե ինչպես է մի օլիգարխի խորհուրդ տվել կաշառել մարդկանց:

«Մի ընտրատեղամաս էր, երկուսն էլ օլիգարխ էին, երկուսն էլ փող ունեին: Ասեցին` ոնց անենք: Ասեցի` մտեք տները, տեսեք` ինչ խնդիր կա: Տարեք լույսի փողը մուծեք, տարեք ուսման վարձը տվեք, առձեռն փող մի տվեք, գնացեք դեղը առեք, բերեք դեղը տվեք, ուտելիք չկա, զամբյուղով տվեք, փող մի տվեք: Դա նորմալ երևույթ է, եթե քո ընտանիքն ունի հիմնադրամ: Բայց երբ «չորով» կանգնած փող ես բաժանում,  որ քեզ գնան ձայնը տան, դա մի քիչ ցինիզմի մոտ բան է ու անմարդկային»,-հայտարարեց Ա. Ադիբեկյանը` պնդելով, որ նման ձևով ընտրողներին կաշառում են ամբողջ աշխարհում, նույնիսկ մեր պատկերացրած ժողովրդավարական ԱՄՆ-ում և Եվրոպայում:

168.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, թե դա նույնպես ընտրակաշառք է, Ահարոն Ադիբեկյանը չհամաձայնեց և հիշեց 1990-ական թվականները, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ավտոմատով մտնում էին ընտրատեղամաս, քվեաթերթիկներ էին լցնում: «Հիմա բավական բարեկիրթ ընտրություններ են գնում: Թե դրսում ինչ է կատարվում, մեր բոլորիս մեղքն է, կաշառք մի վերցրու»,-նշեց սոցիոլոգը:

Տեսանյութեր

Լրահոս