Սերժ Սարգսյանին սատարելը ՕԵԿ-ի ճիշտ որոշումն էր. Արթուր Բաղդասարյան
Այսօր մեկ ժամ տևած արտահերթ համագումարում ՕԵԿ-ը միաձայն հաստատեց կուսակցութան վարչության կազմը և ընդունեց ՀՀԿ թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին հայտարարությունը:
Նշենք, որ սա ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարն էր, որը տեղի էր ունենում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 2242 պատվիրակ: Խորհրդրարանական կուսակցություններից ներկա էր միայն ՀՀԿ-ն` կուսակցության առաջին դեմքերով` նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրանցից, սակայն, ոչ ոչ եկույթ չունեցավ:
ՕԵԿ-ից ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ՕԵԿ գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը, վարչության անդամ Դավիթ Կարապետյանը, երիտմիության նախագահ Առաքել Առաքելյանը:
Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը միայն ընթերցեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարությունը: Ի դեպ, ելույթների համար ընդամենը 5 րոպե ժամանակ էր հատկացված, բայց Արթուր Բաղդասարյանը՝ տեսնելով, որ որոշ ելույթ ունեցողներ ավելի երկար են խոսում, առաջարկեց կրճատել ելույթները, որը, բնականաբար, դարձյալ ընդունվեց միաձայն:
Համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով: Մինչ այդ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունեց նախագահ Սերժ Սարգսյանին, ում թեկնածության սատարելու հարցն էր ըստ էության կազմում համագումարի առանցքը:
Արթուր Բաղդասարյանը նախ խոսեց ՕԵԿ-ի անցած ճանապարհի մասին և հետո բացատրեց, թե ինչու են որոշել պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Սերժ Սարգսյաին թեկնածությունը միաձայն ընդունելուց հետո՝ Արթուր Բաղդասարյանը ներկաներին շնորհավորեց ճիշտ որոշման համար: Համագումարը փակվեց ՕԵԿ-ի օրհներգով: Ի դեպ, օրհներգի ժամանակ Արթուր Բաղդասարյանի կողքին կանգած Հեղինե Բիշարյանը ուրախությամբ ձայնակցում էր և ժպտում:
Համագումարից անմիջապես հետո ՕԵԿ ղեկավար կազմն արագ լքեց դահլիճը: