Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի

Այսօր տեղի ունեցած ՀՀՇ 17-րդ համագումարը պետք է պատասխան տար այն հարցին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում:

Թվում է՝ Տեր-Պետրոսյանը չտվեց այդ հարցի պատասխանը՝ ասելով, որ պետք է մի երկու օր էլ սպասել: «Ես ձեզ այսօր հուսախաբ եմ անելու, չեմ ասելու: Ես դիմել եմ բոլոր գերտերություններին, մինչև նրանց հավանությունը չստանամ, չեմ կարող իմ պաասխանը տալ ձեզ: Խնդրում եմ երկու օր էլ սպասել, բոլոր գերտերությունները նստած գլուխ են ջարդում, այդ ստրատեգիան են մտածում, ինձ ասել են` երկու օր էլ սպասեմ»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա փորձեց այս կերպ, հումորի տալով, խուսափել իր կողմնակիցներին հստակ պատասխան տալու պարտադրանքից:

Իրականում անորոշությունը թվացյալ է, քանի  որ Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ ինքը չի առաջադրվելու: Եթե Տեր-Պետրոսյանը որոշած լիներ առաջադրվել, ապա համագումարի ամբիոնից ավելի լավ տեղ հնարավոր չէ գտնել դրա մասին հայտարարելու համար:

Ավելին՝ Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ ինքը ՀՀՇ անդամ է, մինչև վերջ մնալու է ՀՀՇ անդամ, և զգուշացրեց, որ ՀՀՇ-ն լինելու է այնքան ժամանակ, քանի լինելու է Հայաստանի Հանրապետությունը: Դրանով ևս Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ չի կարելի ՀՀՇ-ի գոյությունը պայմանավորել իր առաջադրվել-չառաջադրվելով, և եթե չի առաջադրվում, դա կուսակցության գործունեության ավարտը չի կարող լինել: Եթե նա չի օգտագործում համագումարը՝ առաջադրվելու մասին իր որոշումը ներկայացնելու համար, նշանակում է, որ որոշել է չառաջադրվել:

Եթե վստահ ենք, որ նա որոշել է չառաջադրվել, ապա այդ դեպքում ինչո՞ւ չհայտարարեց իր այդ որոշումը: Ամենայն հավանականությամբ՝ Տեր-Պետրոսյանը համագումարի էր եկել, չառաջադրման իր որոշման մասին հայտարարելու նպատակով, բայց չկարողացավ խոսել դրա մասին: Տեր-Պետրոսյանին դա խանգարեց համագումարում տիրող մթնոլորտը. երբ իր մի քանի հարյուր կուսակիցներ և կողմնակիցներ ամեն ելույթ ունեցողի հետ ոտքի էին կանգնում և «Լևոն-Լևոն» վանկարկում: Այդ պահերին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքին ոչ թե ոգևորություն, այլ տխրություն կարելի էր տեսնել: Առաջադրվելու որոշում կայացրած գործիչը չի կարող տխրել այն ժամանակ, երբ իր կուսակիցները ոգևորված են:

Մյուս կողմից՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու մասին հայտարարություն աներ, ապա կտապալեր համագումարը, որովհետև համագումարի պատվիրակները կարող էին հեռանալ նիստերի դահլիճից՝ համարելով որ իրենց համար համագումարը ավարտված է, չնայած համագումարի օրակարգում ընդգրկված այլ հարցեր էլ կային, մասնավորապես՝ կուսակցության նոր վարչության ընտրությունը:

Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը Տեր-Պետրոսյանի գրավոր հայտարարություն կտարածի, որտեղ կհիմնավորի իր չառաջադրման որոշումը: Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ, և ավելի խորը կհիասթափեցնի իր կողմնակիցներին, բայց նրանք այլևս նույն դահլիճում չեն լինի, և չեն կարաողանա արտահայտել իրենց հիասթափությունը:

Տեսանյութեր

Լրահոս