
Նունե Եսայան. Հենրին անհամբերությամբ սպասում է ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապին. մամուլ

«Մի քիչ զարմանալի է, բայց փաստ, որ կան արտիստներ, որոնք հստակ որոշել են Նոր տարին դիմավորել տանը և 2013 թվական մուտք կգործեն իրենց ընտանիքի հետ միասին, այլ ոչ թե որևէ ռեստորանում` զվարճացնելով հյուրերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ներկայացնում Նունե Եսայանի հարցազրույցը.
-Նոր տարին նշելու ենք տանը` ընտանեկան միջավայրում: Արդեն զարդարել ենք տոնածառը և ուրախ տրամադրությամբ սպասում ենք Նոր տարվան: Ամենաբարձրը Հենրիի տրամադրությունն է: Անհամբերությամբ սպասում է ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապին: Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ նրա ցանկություններն իրականանան:
–Ամանորի գիշերը չե՞ք աշխատելու:
-Նախկինում եղել են տարիներ, երբ Ամանորի գիշերն աշխատել եմ, բայց Նոր տարին այն տոներից է, որը պետք է ընտանիքի հետ դիմավորել: Եթե առաջարկ լինի, գուցե մտածեմ ընդունելու մասին, սակայն կհամատեղեմ Ամանորն ընտանիքի հետ դիմավորելն ու աշխատելը:
–Ի՞նչ է խնդրել Հենրին Ձմեռ պապիկից:
-Նամակն արդեն գրել ու մեր միջոցով փոխանցել է, սահնակ է ցանկացել: Որդուս ցանկությունն անպայման կկատարվի:
–Մտածե՞լ եք` տոնական սեղանին ինչ ուտեստներ եք դնելու:
-Շատ բաներ ինքս եմ պատրաստելու, փորձում եմ տարատեսակ ուտելիքներ դնել սեղանին, որ ավանդական բաներ չլինեն: Դեռ մի քանի օր կա տոնական մենյուն կազմելու համար: