Իրենց կենսագրության մեջ այդ տղաները ուզում են գրեն, որ իրենք նախագահի թեկնածու են եղել, հա՞ (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ներկա էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ սատարեք քաղաքական որևէ ուժի, Ս. Այվազյանը պատասխանեց, որ եթե քաղաքական ուժերը փորձեն ինչ-որ գաղափարների շուրջ միավորվել ու օգտագործել ընտրական պրոցեսը, Սմբատ Այվազյանը չի բացառում, որ այդ դեպքում կսատարի իրենց:
«Մնացած դեպքում, ես կարծում եմ, որ ոչ մեկ չպետք է դնի իր թեկնածությունը: Նույնիսկ դահլիճում գտնվող Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, կարծեմ, նույնպես առաջադրման մտադրություններ ուներ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե «Ազատ դեմոկրատները» ևս առաջդրվելու ցանկություն ունեն, Սմբատ Այվազյանը նշեց. ««Ազատ դեմոկտարներն» էլ թող դնեն, ոչ ազատներն էլ, կիսակախյալ դեմոկրատներն էլ, ի՞նչ է տալու դա: Ոչինչ էլ չի տալու: Իրենց կենսագրության մեջ այդ տղաները ուզում են, գրեն, որ իրենք նախագահի թեկնածու են եղել, հա՞: Հաղթելու շանսերը իրենց ո՞րն են: Դրանք հեղափոխության տանող տղանե՞ր են, գործիչնե՞ր են: Եթե տանող են, գնանք, հարց չկա: Բայց ես չեմ տեսնում նման մարդկանց այս շարքերում»:
168.am-ի հարցին, թե ԲՀԿ թեկնածու չունենալու հանգամանքը ո՞ւմ էր ձեռնտու՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը, Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա իշխանական պրոեկտ էր, բայց եկավ մի պահ, երբ իշխանությունները վախեցան մինչև վերջ իրականացնել այդ պրոեկտը: Նրանք վախեցան, որ եթե ԲՀԿ առաջնորդն առաջադրվի, ժողովուրդը՝ չսիրելով այս իշխանությանը, համատարած ձայն կտա ԲՀԿ-ին, իսկ իշխանությունն էլ չկարողանա այնքան կեղծել, որ անցնի նրան»: