Քանի՞ ձայն է պարտավոր բերել Գալուստ Սահակյանը. մամուլ
«Նախագահական ընտրությունները մոտենում են, և Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդեն գիտե՞ն, իրենց ասվե՞լ է, թե ՀՀԿ-ականներից ով քանի ձայն է բերելու, և կոնկրետ ինքը քանի՞ ձայն է պարտավորվել բերել Սերժ Սարգսյանի համար»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ուներկայացնում Գալուստ Սահակյանի պատասխանը.
«Դա շտաբի խնդիրն է լինում: Նրանք, ովքեր որ աոավել ակտիվ են, բնականաբար, ընդգրկվում են ամբողջ քարոզչական աշխատանքներում: Ես չեմ կարող չընդգրկվել, որովհետև ես բնականաբար անընդհատ այդ գործունեությունը ծավալում եմ»:
«Մենք խնդրեցինք հստակեցնել` կոնկրետ Գալուստ Սահակյանն ի՞նչ է անում, իր հարևաններին, բարեկամների՞ն է դիմում, տնետո՞ւն է գնում. «Կազմակերպում եմ, ուղղորդում եմ մարդկանց, վերականգնում եմ մեր կառույցների ամրությունը ամբողջ Հայաստանում: Ունենք մարդիկ, որոնց կոնկրետ շրջաններ ենք հանձնարարում: Այսինքն` կան գործիչներ, որոնք պատասխանատվություն են կրում ամեն ինչի համար, կան գործիչներ, որոնք պատասխանատվություն են կրում միայն իրենց հանձնարարականի համար: Բնականաբար, ես այդ շարքից պիտի դուրս գայի, որովհետև վերջին հաշվով ամենամեծ խմբակցության ղեկավարն եմ. առավել ևս` կուսակցության նախագահի տեղակալը»»,- գրում է «Առավոտը»: