Ամենախոցելի թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է. Նարինե Մկրտչյան

Թեև նախագահի թեկնածուների գրանցումը ԿԸՀ-ում մեկնարկում է դեկտեմբերի 25-ին, Երևանի մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել` մասնակցելո՞ւ է 2013թ. նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ մինչև հունվարի 4-ը ինքը որոշում կայացնելու ժամանակ ունի:

«Ես ցանկանում եմ ավարտել այն տարաբնույթ հանդիպումները, որ ձեռնարկել էի: Ուզում եմ հասկանալ հասարակության մոտեցումները, տրամադրությունները, փոփոխություն իրականացնելու ձգտումը:

Ակնհայտ է, որ բոլորն են ուզում փոփոխություն տեսնել: Ուզում եմ ինձ տեսնել այդ ծիրում, թե որքանով այն կարող են կապել ինձ հետ: Այսինքն` կախված է հասարակական գործընթացներից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը:

Նարինե Մկրտչյանը քաղաքական կուսակցությունների աջակցությունը սկզբնական շրջանում չի ակնկալում, հատկապես, որ քաղաքական ուժերն էլ բազմաթիվ խնդիրներ ունեն իրենց ներսում:

«Առանձին հանդիպումներ ունեցել եմ քաղաքական գործիչների հետ և կշարունակեմ ունենալ, բայց այս փուլում աջակցություն չեմ ակնկալում: Ավելի շատ ինձ հետաքրքրում է հասարակության արձագանքը, իհարկե, քաղաքական կուսակցություններն էլ են հասարակության մի մասը, բայց ինձ ոչ կուսակցականացված հասարակության արձագանքն է հետաքրքրում»,-ասաց  ՄԱԱ նախագահը:

Անդրադառնալով այն տեսակետին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո Սերժ Սարգսյանն այլևս իրական մրցակից չունի` Նարինե Մկրտչյանն այն որակեց իբրև հասարակական գիտակցության վրա ազդելու մեթոդ:

«Դա իշխանությունների առաջ գցած տեխնոլոգիան է, որ Սերժ Սարգսյանը չունի մրցակից: Դա մանիպուլիացիոն տեխնոլոգիա է: Ամենախոցելի թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է»,- ասաց Նարինե Մկրտչյանը:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսմանն ու դրա տարածմանը, ապա նախագահի հավանական թեկնածու Նարինե Մկրտչյանը այն համարեց ընտրական կեղտոտ տեխնոլոգիայի կիրառում և չցանկացավ դրա մասին խոսել` նշելով, սակայն,  որ այդ ձայնագրությունից քաղաքական որոշակի եզրահանգումների կարելի էր գալ:

Տեսանյութեր

Լրահոս