Բաժիններ՝

Աշխարհի վերջը, մայաներն ու Հայաստանի աղանդավորները

Այսօր «Դիպված» մամուլի սրահում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը և աստղահոգեբան Լուսյա Հակոբյանը հերքեցին աշխարհի վերջի մասին բոլոր վարկածները: «Հայերի շրջանում տագնապ չկա: Այս գաղափարը արագ թափ ստացավ նաև վերջին շրջանում աշխարհում կատարվող աղետների հետևանքով, սակայն հավաստիացնում եմ, որ աշխարհը չի կործանվելու: Համենայնդեպս մեզանից ոչ մեկը դա չի տեսնելու: Ո՞վ կարող է ասել, թե աշխարհը երբ է ստեղծվել, որևէ մեկը դա տեսե՞լ է: Այո՛, աշխարհը ստեղծվել է միլիոնավոր տարիներ առաջ, բայց մեզանից և ոչ մեկը դա չի տեսնի, ինչպես չի տեսել դրա ստեղծումը:  Պտտվող խոսակցություններն առավել թեժացան մարդկանց հոգեբանության արդյունքում: Տագնապի մատնված հանրությունը սկսեց իր տագնապը բացատրել այս կամ այն երևույթով, ինչից վստահաբար կարող եմ ասել, որ շահում են միայն աղանդավորները»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Աստղահոգեբան Լուսյա Հակոբյանը, լրացնելով  Սամվել Խուդոյանի խոսքը ասաց, որ մայաները հաղթեցին: «Նրանք կարողացան իրենց վարկածների շնորհիվ խուճապի մեջ գցել մոլորակին: Անգամ Չինաստանի կառավարությունը ձերբակալել է 90 խուճապահարների, ովքեր ինչ-որ քարոզներ էին անում: Ինձ այս վերջին օրերին շատ են զանգահարում, անգամ դպրոց հաճախող երեխաների ծնողները՝ հարցով, թե ի՞նչ է լինելու: Ծնողները պատմում են, որ ուսուցիչներն աշակերտներին խորհուրդ են տվել ծնողներին փոխանցել, որ մոտ օրերս լույս չի լինելու, թող մոմեր գնեն, որպեսզի մթության մեջ չմնան: Մինչև այս աստիճան հասել է մարդկանց երևակայությունը»,- ասաց Լուսյա Հակոբյանը: Վերջինս հավաստիացրեց, որ նման մարդիիկ բուժման կարիք ունեն:

«Ուրախ նայեք կյանքին: Ժպիտով դիմավորեք դեկտեմբերի 21-ը: Միգուցե այն լինի առավել ուրախ և հետաքրքիր օր, քան նախորդ օրերն են: Աշխարհի վերջ չի սպասվում»,- ասաց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Զարգացման և Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս