
Մեկական ոսկի, արծաթ և բրոնզ՝ մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունից

Կալինինգրադում ավարտվեց մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների մասնակցությամբ Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Աշխարհի պատանիների կրկնակի հաղթողի կոչմանը նաև կալինինգրադյան ստուգատեսի չեմպիոնի ոսկին ավելացրեց Կորյուն Սողոմոնյանը /49 կգ/: Նա եզրափակիչում առավելության հասավ իռլանդացի Հյուք Մաերսի նկատմամբ և կանգնեց պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին:
Սպասելիքները գերազանցեց նաև Արամ Ավագյանը /56 կգ/, ով գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Նրա թիմակից Նարեկ Աբգարյանը տուն կվերադառնա բրոնզե մեդալով:
Այսպիսով, Հայաստանի մարզիկների հաշվին գրանցվեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Առաջնությունը կրում էր «օլիմպիական հույսեր» անվանումը և, կարելի է ասել, որ մեր երկիրը 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղեր կարող է գործուղել հուսալի բռնցքամարտիկների: Մնում է, որ տղաներն իրենց անձնական և հավաքականի մարզիչների ղեկավարությամբ կարողանան նպատակային մարզումներով բարելավել վարպետությունը և մարտունակությունը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը