Խրախճանք` համաճարակի ժամանա՞կ. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին և բոլոր նախարարություններին` փորձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում: Արդյունքում պարզվել է, որ մեր երկիրը պաշտոնական հյուրասիրությունների վրա նախորդ տարի բյուջեից ծախսել է 232 մլն դրամից ավելի գումար: Օրինակ` նախագահի աշխատակազմում մոտ 33.5 միլիոն են ծախսել, իսկ պետբյուջեով հատկացված է եղել մոտ 226 միլիոն դրամ: Արդարադատության նախարարությունը նախարարի պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա ծախսել է 1.050.000 դրամ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` 231.000 դրամ, կրթության և գիտության նախարարությունը` 925.000, սփյուռքի նախարարությունը` 315.700 դրամ:
Aravot.am-ը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանից հետաքրքրվեց` բյուջեի սղության պայմաններում արդյոք ՀՀ-ին նպատակահարմա՞ր է այսպիսի ծախսեր անելը պաշտոնական հյուրասիրությունների վրա: Տիկին Թադևոսյանը պատասխանեց. «Ինչպես կարող է դա նպատակահարմար համարվել մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով` աղքատությունը 35 տոկոս է, իսկ իրականում` 60 տոկոս: Այն դեպքում, երբ աոաջարկ է արվում նվազագույն աշխատավարձը կրկնակի բարձրացնել, այնինչ` պատճառաբանվում է բյուջեի սղությունը, բայց ոչ միայն Ձեր նշած հարցում, այլև շատուշատ հոդվածներում, որոնք խորհրդարանում բարձրացրեց ԲՀԿ-ն, ծախսեր են կատարվում: Սա համարժեք է «Խրախճանք` համաճարակի ժամանակ» ասույթին: Ամեն ինչ արվում է ի շահ գործող իշխանությունների, ի շահ այն անձանց, ովքեր որոշել են լավ ապրել, լավ ապրել աղքատ, չքավոր ժողովրդի հաշվին: Սրա ամենանուրբ գնահատականը ցինիզմն է»: