
ՀՀԿ-ում էլ ամեն ինչ խաղաղ չէ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը հաղթեց այդ կողմերում հայտնի ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին,վերջերս բավականին աչքի ընկնող վարքագիծ է դրսևորում ոչ միայն «այլընտրանքային» իր քվեարկություններով, փեսայի հետ կապված ծեծկռտուքի պատմությամբ, այլև կառավարության նկատմամբ ունեցած «լիչնի նեպրիյազնով»: Նախորդ քառօրյային, երբ շատ մեծ էր հավանականությունը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, նա բավականին բուռն քննադատեց սեփական կառավարությանը, իսկ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամբիոնին մոտեցավ` եզրափակիչ ելույթի համար, խիստ «դեմոնստրատիվ» դուրս եկավ դահլիճից` դուռը շրխկացնելով:
ՀՀԿ-ականները եզրակացրել էին, թե որոշակի «առնետավազք» է սկսվում իրենց մոտից, սակայն, ինչպես տեղեկացրին ԲՀԿ մեր աղբյուրները, Մուրադյանն անձնական բիզնես-պատճառներ ունի կառավարությունից «վրեժխնդիր» լինելու. Մասիսում գործող ձկնաբուծական արհեստական լճի ջրամատակարարման համար նա կառավարությունից թույլտվություն է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է»: