«Սերժ Սարգսյանը մեզ ամեն տեղ ինտեգրում է». Արամ Կարապետյան

«Մեր տարածաշրջանում Հայաստանի դերը հիմա շատ ավելի կարևոր է, քան 5 կամ 10 տարի առաջ: Եվ պատճառներից մեկն էլ հավանաբար դա է, որ այդպիսի  հետաքրքրություն կա»,- այսօր «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝  մեզ համար առաջնային է եվրոպական արժեհամակարգի հաստատումը, ինչը երկրի կայացման անխուսափելի ճանապարհն է: Միայն այդ ճանապարհն ընտրելուց հետո կարելի է խոսել այն մասին, թե արդյո՞ք իմաստ ունի դառնալ Եվրամիության անդամ, թե՞ ոչ:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ, խոսելով Հայաստանի եվրոպական հեռանկարների մասին, նշեց, որ կարևորը եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալն է, այլ ոչ թե իբրև գործոն օգտագործվելը:

«Այն, ինչ տեղի է ունենում մեր ընտրությունների նախօրյակին, երբ եվրոպական քաղաքական դեմքերն ուղղակի փորձում են իրենց գնահատականներով կանխորոշել մեր ընտրությունների արդյունքը, վկայում է, որ  մեզ չեն դիտում՝ իբրև գործընկերոջ, որն ի վիճակի է իր քայլերով դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,- ասաց նա:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այս վերաբերմունքի պատճառը երկրի ներսում տեղի ունեցող սխալներն են, և պատճառը պետք է փնտրել մեր քաղաքական ուժերի անընդունակության մեջ:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ևս նշեց, որ միայն եվրաինտեգրմամբ՝ երկրում կուտակված խնդիրները չեն լուծվի: «Պատմականորեն այդ ինտեգրումը մենք չունենք: Անտիկ ժամանակներում մենք ինտեգրված ենք եղել, բայց այն ավարտվել է խաչակրաց արշավանքով: Փաստորեն, Եվրոպայի հետ շփումներ մենք չենք ունեցել»,- ասաց նա:

Եվրոպայի վերաբերմունքի մասին խոսելիս՝ Արամ Կարապետյանը չմոռացավ շեշտել նաև այն հանգամանքը, որ նույն Եվրոպան «քառակի, հնգակի ստանդարտներ է կիրառում Հայաստանում անցկացվող ընտրությունների ժամանակ»:

«Նույն Եվրոպան է թույլ տվել, որ Սերժ Սարգսյանը մեզ մոտ դարձել է Հայաստանի գլխավոր ինտեգրատորը, ամեն տեղ մեզ ինտեգրում է, և ամեն անգամ մենք տեսնում ենք  այս փաստաթղթերը, թե Սերժ Սարգսյանը առաջ է տանում Հայաստանը»,- նշեց Արամ Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս