Լյովա Խաչատրյանը մի շարք աբսուրդային հայտարարություններ արեց. մամուլ
«Գլխավոր դատախազից մերժված և վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի «քաղհալածյալի» կարգավիճակը դաս է եղել, և այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Մեզ հետ զրույցի ընթացքում ապարանցի Խաչատրյանն այնքան խճճվեց, որ մի շարք աբսուրդային հայտարարություններ արեց: Օրինակ, հորդորեց իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն այլևս «գոնե 2 ամիս քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որովհետև քաղաքական հետաքրքրություններ չունենք»:
Եթե քաղաքական գործընթացներին չեք մասնակցելու, ինչո՞ւ եք եկել Աժ արտահերթ նիստին, Աժ-ն ապաքաղաքական մարմի՞ն է: «Աժ-ն կառավարության կցորդն է»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, փաստորեն, անթույլատրելի՞ է ԲՀԿ-ի պարագայում, Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն այսպիսով կկնքի իր մահկանացուն: «ԲՀԿ-ն կա և հավերժ է»,- հոխորտաց նա, և լոնք-լոնք գրեթե վազելով Աժ միջանցքներով` մտավ ԲՀԿ-ի կորպուս` ուղիղ իր կուսակից Արա Արամյանի աշխատասենյակը և փրկվածի պես աղաղակեց. «Ահա պարոն Արամյանը, Ձեր բոլոր հարցերն ուղղեք իրեն»: