Բաժիններ՝

Դեկտեմբերի 18-ի տրանսֆերային լուրերը` մեկ շարքով

«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոյի նկատմամբ: Լոնդոնցիները փոխարինող են փնտրում Էշլի Քոուլի համար, ով այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ թիմից: «Ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է 30 մլն առաջարկել բրազիլացի պաշտպանի համար: Չնայած Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում բաժանվել Մարսելոյից, սակայն «Ռեալի» ղեկավարությունը կարող է ընդունել այս առաջարկը, եթե, իր հերթին, համաձայնության գա «Տոտենհեմի» հետ Գարեթ Բեյլի տեղափոխության հարցով: Ուելսցու տրանսֆերն իրականացնելու համար Ֆլորենտինո Պերեսը ստիպված կլինի վաճառել իր ֆուտբոլիստներից մեկին, քանի որ Բեյլի համար լոնդոնցիները պահանջում են 50 մլն ֆունտ ստերլինգ: Ամեն դեպքում պետք է նշել, որ ավելի հավանական է` արքայական ակումբը կվաճառի Ֆաբիո Կոենտրաուին, ով այդպես էլ չի արդարացնում իր հետ կապված հույսերը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը պատրաստվում է հեռանալ ակումբից: Մեքսիկացի ֆուտբոլիստը դժգոհ է իրեն հատկացվող խաղային ժամանակից: Չիչարիտոն փոխարինման դուրս գալով պարբերաբար գոլերի հեղինակ է դառնում, սակայն դա չի օգնում նրան ամրապնդվել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում, ուստի չի բացառվում, որ հունվարին Չիչարիտոն փոխի ակումբը, հատկապես որ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»: Կատալոնացիները փոխարինող են փնտրում Դավիդ Վիլյայի համար, ով այս մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա կատալոնական ակումբից: Մեքսիկացուն իր շարքերում ցանկանում է տեսնել նաև պորտուգալական «Պորտուն», որը լավ հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ:

«Արսենալը» հույս ունի առաջ անցնել «Յուվենտուսից» Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի համար պայքարում: Լյորենտեն ամռանը կհեռանա բասկյան ակումբից, ընդ որում` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, ուստի նրա համար տրանսֆերային շուկայում լուրջ պայքար է լինելու: «Յուվենտուսը» պատրաստ է լավ պայմաններ առաջարկել իսպանացուն, սակայն Արսեն Վենգերը կարծում է, Լյորենտեի հետ բանակցություններում կարող է վճռական դեր խաղալ Սանտի Կասորլան: Վերջինս լավ հարաբերություններ ունի Իսպանիայի հավաքականում իր խաղընկերոջ հետ և պատրաստ է աջակցել լոնդոնցիներին բանակցությունների ընթացքում: Անձամբ Լյորենտեն հայտարարել է, որ իր համար փողն առաջնային դեր չի խաղում և կցանկանար հանդես գալ Պրեմիեր լիգայում, ուստի «Արսենալի» հնավարությունները Լյորենտեի համար պայքարում բավականին բարձր են:

«Յուվենտուսը» շարունակում է հարձակվողի փոնտրտուքները: Թուրինցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն վարձակալել կամ Դիդյե Դրոգբային կամ Ալեքսիս Սանչեսին: Իտալիայի չեմպիոններն արդեն բանակցություններ են սկսել իվուարցի ֆուտբոլիստի հետ և, կարծես թե, նախնական համաձայնության են եկել, սակայն Դրոգբայի համար կարող է պայքարի մեջ մտնել նաև «Չելսին», որը ֆուտբոլիստի համար հարազատ ակումբ է: Ինչ վերաբերում է չիլիացի ֆուտբոլիստին, ապա Ալեքսիսն առայժմ չի գտնում իր խաղը կատալոնական ակումբում, սակայն «Բարսայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեծ հույսեր է կապում նրա հետ, ուստի անհավանական է թվում, որ կատալոնացիները ձմռանը նրան բաց կթողեն վարձավճարով:

Նկարում Մարսելոն է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս