Բաժիններ՝

Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Արագ փոփոխվող աշխարհը մեր առջև նոր խնդիրներ և մարտահրավերներ է դնում: Այդ փոփոխությունները ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բավականին արագ՝ հաճախ իրենց հետ բերելով անկախատեսելի խնդիրներ և ողբերգական հետևանքներ: Դա նշանակում է, որ մասնագիտական կարողությունների բարձրացումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը գտնվում է նաև հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, պետք է կարողանանք փուլ առ փուլ իրականացնել:
Հանրապետության նախագահը մեր առջև խնդիր է դրել մարտահրավերներով լի արագ փոփոխվող աշխարհում ապահովել մեր պետության և քաղաքացիների անվտանգությունն ու ապահով կյանքը: Կարծում եմ՝ այս կարևոր սկզբունքի ներքո մեծ են նաև ԱԱԾ աշխատակիցների անելիքները»,- ասել է վարչապետ Սարգսյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:
Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին հանձնել է գեներալ-մայորի կոչում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով:
ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Արկադի Բալյանը և ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Կարեն Սահակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս