Բոլորս էլ պետք է գիտակցենք` այդպիսի գաղտնալսումներ ովքեր կարող են անել

«Կարծում եմ, որ այս ընթացքը, որին մենք ականատեսն ենք այսօր, ամեն ինչ ամիսներ առաջ կանխատեսել էինք, խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի պլանին, որի գլխավոր նպատակը մինչև փետրվարի 18-ը քաղաքական դաշտի ամբողջական փոշիացումն է: Ջլատումների, պառակտումների, տրոհումների մենք ականատես եղանք, և այս ամբողջը շարունակվելու է մինչև նախագահական չընտրություններ»,- galatv.am-ի հետ զրույցում նշել է Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ում տիրող տարաձայնություններին:

Համացանցում հայտնված Լևոն Զուրաբյան – Վարդան Օսկանյան ձայնագրությունն, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, խոսում է այն մասին, որ վերնախավն ամեն ինչի պատրաստ է վերարտադրվելու համար, և նման իրավիճակն առաջին հերթին ձեռնտու է հենց իշխանություններին:

«Տեսնելով Մարտի 1, տեսնելով, թե ռեգիոնում ինչպիսի ալիքներ են բարձրանում, ես ի նկատի ունեմ արաբական գարունները, որոնք սովորաբար վարակիչ են լինում, փորձում է հնարավորինս իր վերարտադրումն իրականացնել առանց լարումների, ուստի ի՞նչ է պետք, առաջին հերթին դաշտի փոշիացում, և դա պետք է դիտարկել այս ամենի շրջանակներում: Հետաքրքիրն այն է, թե այդ գաղտնալսումն ով է դրել շրջանառության մեջ, բոլորս էլ պետք է գիտակցենք, թե այդպիսի գաղտնալսումներ ովքեր կարող են անել և հետո դնել համացանցում շրջանառության մեջ: Հերթական տրոհումն է, որին մենք ականատեսը կլինենք ոչ միայն ՀԱԿ-ի շրջանակներում, տակավին, ով որ ինչ-որ բան է ներկայացնում իրենից, այսօր դատապարտված է տրոհման»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս