ԱԺ պատգամավորի «Տոյոտա Քեմրին» բախվել է բեռնատարին. կա վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 51-ամյա Օնիկ Ծատուրյանի վարած «Գազ 53» մակնիշի 59 ԼՕ 003 համարանիշի և Երևան Ավան Առինջ 2/6 շենքի բնակիչ, 29-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Օ. Ծատուրյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենմտրոն:
«Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Հակոբ Հակոբյանին: Վերջինս Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է, իսկ հանրությանն ավելի շատ հայտնի է Թունելի Հակոբ մականվամբ: Վթարի պահին պատգամավորը ավտոմեքենայում չի եղել: