« «Հավատացինք, փոխվեցի՞նք», հիմա էլ «ապահով Հայաստան» ենք գնում, հա՞». Արամ Կարապետյան
«Ինձ թվում է `ինչ-որ մեկը շատ թշնամաբար է տրամադրված Սերժ Սարգսյանին և նրա գործունեությանը հենց կուսակցության ներսում կամ շրջապատում»,- 168.am-ի հետ զրույցում կիսվելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` «դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսից ստացած իր առաջին տպավորությամբ`ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ա. Կարապետյանն իր կարծիքն այսպես է հիմնավորում. «Որովհետև քաղաքական դաշտի պլանավորման մեջ ամեն ինչ արել են, որ Սերժ Սարգսյանը պայքարի անհասկանալի (վատ խոսք չասեմ) մարդկանց խմբի հետ` էպոսագետներ, նոր մարտիկներ, հին, մոռացված դաշնակցականներ (ծիծաղում է,-Ա.Ս.): Եթե նկատում եք, լուրջ քաղաքական դեմքերը բոյկոտում են ընտրությունները, այսինքն` դա ոչ միայն իր քաղաքականության արդյունքն է, որի հետևանքով քաղաքական դաշտը վերածվել է անապատի, այլ նաև երևի իր շրջապատի, PR-ի խնդիրն է: Ամեն անգամ… այսինքն` «հավատացինք, փոխվեցի՞նք», հիմա էլ «ապահով Հայաստան» ենք գնում, հա՞»:
Իսկ ի պատասխան մեր հարցին` այդ կարգախոսները, փաստորեն, ոչ ադեկվա՞տ են, ՆԺԿ ղեկավարն ասաց. «Դրանցից յուրաքանչյուրը ոչ ադեկվատ կարգախոս է և, եթե նկատում եք, ծիծաղի առարկա է դառնում, կատակներից բացի` ուրիշ ոչնչի շուրջ չի պտտվում»:
Մենք նաև հետաքրքրվեցինք պարոն Կարապետյանից, թե իրեն չե՞ն հրավիրել ՀՀԿ համագումարին, ինչին ի պատասխան նա ասաց. «Ո´չ, ո´չ: Ճիշտն ասած` ճիշտ էլ արել են, որովհետև միանշանակ չէի էլ գնալու»:
Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը դեռ աշնան սկզբին խոսել էր ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, սակայն այս ամսվա սկզբին հայտարարեց ընտրությունները բոյկոտելու մասին և կոչ արեց ընդդիմությանը բոյկոտել ընտրությունները և կանգնել ժողովրդի կողքին`ընտրություններում Սերժ Սարգսյանին թողնելով միայնակ։