Կոննեկտիկուտի մարդասպանի զենքը պատկանել է նրա մորը
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Նյութաունի «Սենդի Հուկ» դպրոցում կրակ բացած հանցագործի զենքը օրինական ճանապարհով է ձեռք բերվել և գրանցված է նրա մոր անունով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաընկերության տվյալներով, ոստիկանությունը հայտնաբերել է 3 միավոր հրազեն։ Sig Sauer և Glock ատրճանակները գտնվել են հանցագործի մոտ, իսկ Bushmaster կիսաավտոմատ հրացանը՝ դպրոցի մոտ կայանած նրա մեքենայի մեջ։ Այդ բոլոր զենքերը գրանցված են եղել հանցագործ Ադամ Լենզի մոր՝ Նենսի Լենզի անունով։
Ավելի վաղ հայտնվում էր, որ «Սենդի Հուկ» դպրոցում ուսուցչուհի աշխատող Նենսի Լենզը սպանվել է դպրոցում՝ իր աշակերտների հետ միասին։ Սակայն CNN-ի աղբյուրները հայտնում են, որ կնոջ մարմինը՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է նրա որդու՝ Նյութաունի բնակարանում։
Հնչում էին նաև ենթադրություններ, որ Լենզը սպանել է նաև իր հորը, սակայն այդ լուրը չի հաստատվել։
Հիշեցնենք, որ 20-ամյա Ադամ Լենզը դեկտեմբերի 14-ին ժամը 09։30-ին կրակ էր բացել «Սենդի Հուկ» դպրոցի աշակերտների և ուսուցիչների վրա։ Զոհվել են 6-10 տարեկան 20 երեխաներ և 6 մեծահասակներ։ Ոճրագործությունից հետո մարդասպանը ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իր գլխին։ Նրա գործողությունների մոտիվը դեռ պարզ չէ։
«Սենդի Հուկ» դպրոցում կատարվածը՝ զոհերի թվով ամենամասշտաբային հանցագործություններից մեկն է ԱՄՆում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Տեղի ունեցած ողբերգությունից հետո նախագահ Բարաք Օբաման 4-օրյա սուգ է հայտարարել երկրում։