Հեռուստաընկերություններն ընդդիմադիր գործիչներին «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել. մամուլ
«Հեռուստատեսային լրատվական ծրագրերը նախընտրական շրջանում սովորաբար կոշտ մոնիտորինգի տակ են աշխատում` օբյեկտիվության և թեկնածուների ծրագրերի համակողմանի ու հավասարակշռված լուսաբանման պատրանք ստեղծելով: Հեռուստաաշխարհին մոտ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հեռուստաընկերությունները մոնիտորինգներին խաբելու և ընդդիմադիր գործիչներին «տակից» վարկաբեկելու, «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել այս տարիներին:
Օրինակ, Հրանտ Բագրատյանի ելույթները եթեր են հեռարձակվում անձայն` հիմնականում համր կադրերով, որտեղ նա բուռն ժեստեր է անում, ինչն առանց խոսքի առնվազն ծիծաղելի է և անլուրջ, հիստերիկ մարդու տպավորություն ստեղծող: Իսկ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, հակառակը, ներկայացվում է խոսքը` հատկապես այն հատվածները, որտեղ նա խոսում է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի, օրինականության հաստատման մասին: Ենթադրվում է, որ շատերն են հիշում նրա` ռեժիմի մաս կազմելու, զինդատախազ աշխատելու և տարբեր անօրինականությունների մասնակիցը լինելու տարիները: Նայողն ամենաքիչը մտածում է` ահա հերթական սոփեստը, որը մոռացել է սեփական անօրինականությունները և խոսում է ուրիշների մասին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: