Այլընտրանք տվեք հասարակությանը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամենավատ բանը, որ արեց Սերժ Սարգսյանը, և որը ՀՀԿ-ն ու իշխանությունը ներկայացնում են որպես փայլուն հաղթանակ, դա այն ներշնչանքն է, թե ինքը վաղուց և մեծ առավելությամբ «հաղթած ունի» ընտրություններում, ուստի, եթե որևէ մեկն անգամ առաջադրվի, ապա պետք է պայքարի բացառապես երկրորդ տեղի համար:
Ցանկացած այլ ազգի դեպքում այս հոգեբանական տեռորը էական դեր չէր խաղա, բայց ոչ հայերիս համար: Այս օրերին ես փորձում եմ հասկանալ, թե ինչու են այսպես պասիվացել քաղաքական ուժերն ու գործիչները, ինչու չեն փորձում ձեռնոց նետել երկրի նախագահին: Չէ՞ որ հասարակությունը բոլոր հիմքերն ունի գործող նախագահին չընտրելու համար, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, արտագաղթ, գործազրկություն, հեռանկարի բացակայություն, ղարաբաղյան խնդրի փակուղի, սահմանները բացելու հարցում ոչ մի առաջընթաց, գազի թանկացում, աշխատավարձերի լճացում և գնաճ: Ո՞ր մեկը թվարկեմ:
Միևնույն ժամանակ գործող իշխանությունը հեշտորեն վերարտադրվում է, և այս տանջված ու չքավոր հասարակությունն ընտրում է նրան: Եվ գիտե՞ք ցավն ինչում է` մեր քաղաքական ուժերն ու նախագահացուները պայքարի մեջ մտնում են միմիայն հաղթելու պայմանով: Նրանք համաձայն չեն անգամ 49 տոկոս ձայն ստանալուն: Նրանք պայքարի մեջ պատրաստ են մտնել միայն այն դեպքում, եթե նրանց 100 տոկոսանոց հաղթանակի երաշխիքներ տրվեն:
Ոչ ոք չի ուզում պայքարել, մրցել, հասարակությանն այլընտրանքի հնարավորություն տալ` անգամ պարտվելու հեռանկարով: Չէ՞ որ երբեմն այսօրվա պարտությունը վաղվա հաղթանակն է: Եվ պարտություն կա, որ հաղթանակից կարևոր է, քանի որ առաջադրվելն արդեն նշանակում է հուսախաբ չանել քո համակիրներին: Նշանակում է քաղաքական կապիտալ կուտակել ապագայի համար` չէ՞ որ կյանքը 2013-ին չի ավարտվում»: