«Պողպատե մարդը» ֆիլմի վրա արդեն ծախսվել է 175 միլիոն դոլար (տեսանյութ)
Ռեժիսոր Զաք Սնայդերի (Zachary Edward «Zack» Snyder), սցենարիստ Դեյվիդ Գոյերի և պրոդյուսեր Քրիստոֆեր Նոլանի (Christopher Jonathan James Nolan) ամերիկյան սուպերհերոսական «Պողպատե մարդը» (Man of Steel) ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2013 թվականի ամռանը:
Սցենարի համաձայն՝ երիտասարդ լրագրող Քլարկն իր անհավանական ուժի շնորհիվ՝ իրեն օտար է զգում: Տարիներ առաջ նա Երկիր մոլորակ է ուղարկվել Կրիպտոն՝ չափազանց զարգացած մոլորակից: Երիտասարդը չի հասկանում՝ ինչո՞ւ են իրեն ուղարկել Երկիր: Ի՞նչ պետք է ինքն անի: Նրան դաստիարակել են խնամակալ ծնողները՝ Մարթան և Ջոնաթանը, ովքեր սովորեցրել են, որ գերունակություններով օժտված մարդը պետք է բարդ որոշումներ կայացնելուն պատրաստ լինի:
Եվ շատ հաճախ, երբ մարդկությունը կայունության մեծագույն պահանջ է ունենում՝ հարձակումների է ենթարկվում: Կկարողանա՞ արդյոք հերոսը խաղաղություն հաստատել, թե՞ օգտվելով իր գերհզոր ուժից՝ վերջնականապես ավերածությունների կվերածի ամեն ինչ: Քլարկը պետք է սուպերհերոս դառնա՝ Superman-ի պես, որպեսզի մարդկանց սրտերում հույս և հավատ արթնացնի և կարողանա պաշտպանել նրանց, ում սիրում է:
Ֆիլմի մոտավոր բյուջեն 175 միլիոն դոլար է կազմել: Նկարահանումները սկսվել են 2011թ. օգոստոսին: Ֆիլմին սպասում են միլիոնավոր մարդիկ: ԱՄՆ-ում պրեմիերայից հետո այն կներկայացվի Ռուսաստանում: Ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն իսկ ներկայացված է համացանցում: