PFA. Հայաստանի իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել

Իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցներ։ Այս մասին նշվում է Policy Forum Armenia (PFA) կազմակերպության հատուկ զեկույցում, որը վերաբերում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին։

«Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցը խորքային վերլուծություն է պարունակում ընտրություններին նախորդած քաղաքատնտեսական և օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփում է առանցքային շահառուների՝ ընդդիմադիր կուսակցությունների, միջազգային դիտորդների, տեղական քաղաքացիական հասարակության խմբերի արձագանքները նշված ընտրությունների արդյունքների առնչությամբ:

Ըստ հեղինակների, զեկույցում իրականացվել են վիճակագրական մի շարք թեստեր, որոնց արդյունքները «խոսուն վկայություն են շարունակական և ռազմավարական բնույթ կրող ընտրակեղծիքների մասին, և բացահայտում են այս արատավոր պրակտիկայի հիմնական շահառուին, որն է իշխող կուսակցությունը»:

PFA-ի ավագ փորձագետ Արմինե Իշխանյանը՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցից (London School of Economics), շարունակում է, նշելով, որ «Հմտորեն թաքցվող ընտրակեղծիքների միջոցների և մեխանիզմների շարունակական կատարելագործումը արտաքին դիտորդների համար դժվարացնում են կեղծիքների կոնկրետ դրսևորման վերհանումն ու արձանագրումը: Սա ընտրակեղծիք 2.0 է (նոր սերնդի ընտրակեղծիք): Զեկույցի հեղինակները կիրառել են հետազոտության և վերլուծության առկա բոլոր գործիքները այս ընտրակեղծիքների վրա լույս սփռելու և հանրությանը Հայաստանում ընտրակեղծարարության կենդանի  և  բարվոք լինելու մասին վիճակագրական հիմնավորումներ տրամադրելու համար: Կարևոր հարցը հետևյալն է. ինչպիսի՞ն են գալիք նախագահական ընտրությունների հեռանկարները»:

PFA-ի խորհրդի անդամ, լոսանջելեսաբնակ փաստաբան Էդգար Մարտիրոսյանը նշում է, որ ազատ և արդար ընտրությունները ինքնանպատակ չեն: «Ավելի լավ ընտրությունները հավանական է, որ կապահովեն ավելի լավ կառավարում և ավելի ամուր հասարակական համախմբվածություն», – պնդում է նա: «Եվ միջազգայնորեն ընդունված եզրակացություն է, որ լավ կառավարումը տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է զարգացող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը»:

Նշենք, որ PFA-ը անկախ, շահույթ չհետապնդող միավորում է հետազոտական կազմակերպություն է, որի  զեկույցները գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին։

Տեսանյութեր

Լրահոս