Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի. Foreign Policy Centre
«Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ և արդար որակելու համար»,- նման կարծիք է հայտնել Լոնդոնում գործող Արտաքին քաղաքականության կենտրոնի (Foreign Policy Centre) քաղաքականության գծով տնօրեն Ադամ Հագը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia-ի հատուկ զեկույցը՝ անցած խորհրդարականական ընտրությունների վերաբերյալ։
Նշենք, որ PFA այսօր հրապարակել է իր «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցը, որտեղ վերլուծել է տեղի ունեցած բոլոր խախտումներն ու դրանց հետևանքները։
Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, Ադամ Հագն այս առնչությամբ ասել է. «Այս կարևոր և մանրամասն զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ և արդար որակելու համար: Մասնավորապես վիճակագրական վերլուծության արդյունքները կարծես թե ցույց են տալիս, որ ընտրությունների կազմակերպիչները հաջողությամբ կարողացել են հարմարվել օրենսդրական փոփոխություններին և արտաքին ճնշմանը (արտագաղթած Հայաստանի քաղաքացիների տվյալների ապօրինի օգտագործման և ձայների հաշվարկի ընթացքում իրականացված խախտումների միջոցով), ինչը խորապես մտահոգիչ է: Հայաստանը պետք է բարելավի ընտրական գործընթացները ապագա ընտրական արդյունքների նկատմամբ միջազգային հանրության և որ ամենակարևորն է` Հայաստանի հասարակության վստահությունը ձեռք բերելու համար»: