Ինչու է պետք Սահմանադրությունից հանել «անընդմեջ» բառը

Անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրության այն դրույթը, ըստ որի`մի անձը 2 անգամ անընդմեջ կարող է ընտրվել ՀՀ նախագահի պաշտոնում: Սխալ է, երբ Հայաստանում երկու անգամ պաշտոնավարելուց հետո տվյալ անձը հնարավորություն ունի ևս մի քանի անգամ նախագահ ընտրվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք արտահայտեցին սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիլ Պողոսյանը:

«Սա հնարք է մեր այսպես ասած «նոր պետությունների հայրերի» կողմից, որպեսզի նրանք ընտրվեն երրորդ անգամ: Սա այդ մարդկանց սնափառության և իշխանասիրության համար է: Երրորդ անգամ նա չի մտածի ոչ ժողովրդի մասին, ոչ պետության մասին: Ոչ մի բանի մասին չի մտածի, միայն իր մասին և իր կլանի, թայֆայի մասին: Երրորդ անգամ ընտրվելը ազգային անվտանգության սպառնալիք է առաջացնում, ինչպես օրինակ եղավ 2008-ի մարտի 1-ին, 2-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց`ես խաղի մեջ եմ, այսինքն`ուզում եմ ընտրվել երրորդ անգամ, և հետևանքը այդ ողբերգական երևույթն էր»,- ասաց Վիլ Պողոսյանը:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ եթե նախագահ ընտրվելու հնարավորություն տրվի միայն երկու անգամ, նախկին նախագահները չեն մտնի խաղի մեջ և «ջուրը չեն պղտորի». «Ամենակարևորը՝ կաճի ներկուսակցական ժողովրդավարությունը: Մեզ մոտ դա չկա: Կուսակցությունները ունեն մեկ առաջնորդ, որի կողքը բոլորը կուտակվում են: Հանե´ք Ծառուկյանին, ԲՀԿ-ում դեմք չկա, որ իրեն փոխարինի: Հանե´ք Սերժ Սարգսյանին, դեմք չկա, որ նրան փոխարինի: Եթե իրենք իմանան, որ միայն երկու անգամ է, և վերջ, ուրեմն նրանք կաշխատեն գոնե այդ երկու ժամանակահատվածում ձևավորել, ներայացնել, առաջ քաշել հաջորդին և պայքարը գնա իր տարբերակների մեջ»: Ադիբեկյանի խոսքով՝ ՀՀ նոր նախագահը պետք է պարտավորվի սահմանադրական փոփոխություն մտցնել և այդ «անընդմեջ» բառը հանել Սահմանադրությունից. «Դա բավական մեծ քայլ կլինի դեպի ժողովրդավարություն, դա կառողջացնի ընդհանրապես մթնոլորտը, քանի որ անընդմեջ վերարտադրվող իշխանությունը ճահճացում է, մենաշնորհները պահպանվում են, մարդիկ կարողանում են այնպիսի պատնեշ ստեղծել իշխանությանը, որ մյուս ուժերը չեն կարող անցել այդ պատնեշներով, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս