
Ալլո, ATV-ի՞ց է, պայթցնում եմ. մամուլ

«Հրագդան քաղաքի 45-ամյա բնակիչ Սյուզան Ջաղինյանն իր խնդիրների վրա իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ եղանակ է ընտրել: Նա Հրազդանում գտնվող իր բնակարանից 2012թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 19:07-ին իր բջջային հեռւսխոսահամարից հաղորդագրություն է ուղարկել «ATV» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին, որտեղ նշել է.
«Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրագդան քաղաքում: Մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»:
Ըստ մեղադրանքի` Սյուզանը նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող և չլուծված մի շարք խնդիրներ, իսկ շենք պայթեցնելու նպատակ ընդհանրապես չի ունեցել: Այսինքն` Սյուզան Վլադիմիրի Ջաղինյանը տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում, կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր.-ի 259-րդ հոդվածով: Այն նախատեսում է պատիժ` տուգանք` 200.000-400.000 դրամի չափով կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: