Գագիկ Ծառուկյանը չի հրավիրվել. մամուլ
«Դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը կտևի մոտ 2 ժամ: ՀՀԿ 19 հոգանոց ծերակույտը, որպես մշտական գործող ղեկավար մարմին, կրկին կշարվի բեմի վրա` դեմքին տալով պոլիտբյուրոյի արտահայտություն, և կհրապարակի համագումարի օրակարգի մինուճար հարցը` առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուի առաջադրում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նիստը կբացի Սերժ Սարգսյանը, կվարի Հովիկ Աբրահամյանը: Նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով, տարածքային կառույցների ներկայացուցիչները` ամփոփիչ ելույթներով. կուսակցությունն ունի 1.942 տարածքային կառույցներ` տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը. «Համագումարին հրավիրված են 1.800 պատվիրակներ և հյուրեր` 60 կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»: Խորհրդարանական կուսակցություններից հրավիրվել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Արտախորհրդարանական ուժերից` ԺԱԿ-ը, ԱՄ-ն, «Հզոր հայրենիքը», ՔԴՄ-ն, ՍԻՄ-ը: ԲՀԿ-ն չի հրավիրվել: Երեկվա դրությամբ: Բոլորին արդեն հրավիրատոմսեր ուղարկել են:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Բրյուսել` մասնակցելու այսօր տեղի ունենալիք ԵԺԿ գագաթնաժողովին, սակայն համագումարի նախապատրաստական աշխատանքները թույլ չեն տվել: ՀՀԿ համագումարին ԵԺԿ նախագահ Մարտենսը ողջույնի խոսք է հղել` տեղեկացրին ՀՀԿ-ից: «ՀՀԿ համագումարին հրավիրվել են Միացյալ Ռուսաստանի և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները, ինչպես ևաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը: Կմասնակցի 100 լրագրող, որոնց համար ֆուրշեթ են կազմակերպել, ինչը չեն արել համագումարի մասնակիցների համար»: