Բաժիններ՝

Ընդդիմադիր և այլընտրանքային դաշտում բոլորը խոսում են ակնարկներով. մամուլ

«Լրատվամիջոցներում ժամ առ ժամ ամրապնդվում է համոզմունքը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Մինչդեռ ընդամենը 2 շաբաթ առաջ պրոբհկ-ական ԶԼՄ-ները հանրային կարծիքը պատրաստում էին Ծառուկյանի առաջադրմանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում

«Երեկ Վարդան Օսկանյանի հետ առնչություն ունեցող լրատվամիջոցները սկսել էին քննադատել Ծառուկյանին` Սերժ Սարգսյանի հետ գործարքի գնալու համար: Այս ամենից, սակայն, որևէ վերջնական եզրակացության հանգել չի կարելի. հարցերը վերջնականապես կճշտվեն պաշտոնական հայտարարությունների ժանրում:

Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նկարագրվում է կուլիսային թարմացված տրամաբանությամբ, կնշանակի, որ վերջին ամիսներին կամ շատ ավելի երկար՝ որպես քաղաքական պրոցես նկարագրվող կամ ներկայացվող իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան Սերժ Սարգսյանի քողարկված նախընտրական արշավ, և ընդդիմադիր ու այլընտրանքային բազմաթիվ ուժեր ընդամենն ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական առաջիկա ընտրություններում՝ զուգահեռ խորացնելով հանրային դեպրեսիան, որ վարագույրները բացվելու պահին հանրությունն ընդվզելու ոչ հավես ունենա, ոչ էներգիա:

Ի դեպ, առաջիկա նախագահական ընտրությունների բաց թեմաներից մեկն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցն է: Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ օրերս ակնարկում են, թե առաջիկա մեկ-երկու օրը լավ լուր է սպասվում: Գուցե հույս ունեն, որ ԲՀԿ-ն հայտարարելու է նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասի՞ն, կամ՝ Տեր-Պետրոսյանն ինքը առաջադրվելու որոշման մասի՞ն է բարձրաձայնելու: Դժվար է, իհարկե, որևէ կոնկրետ բան կանխատեսել, որովհետև ընդդիմադիր և այլընտրանքային դաշտում բոլորը խոսում են ակնարկներով, այնպիսի ակնարկներով, որը չբացառի հետագա որևէ իրադարձություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս