Բաժիններ՝

TIMMS. Հայ աշակերտները մաթեմատիկայից ունեն միջին գիտելիքներ

Կրթական նվաճումների գնահատման միջազգային ասոցիացիան (IAE) հրապարակել է 2011 թվականին անցկացված հետազոտությունների արդյունքները։ Վարկանիշի համաձայն, հայ աշակերտները մաթեմատիկայից այնքան էլ ուժեղ չեն։

IAE-ն ամեն տարի հրապարակում է TIMMS և PIRLS վարկանիշերը, որոնցից առաջինը վերաբերում է մաթեմատիկային և բնագիտությանը, իսկ երկրորդը՝ ընթերցանությանը։

Մաթեմատիկայի ոլորտին վերաբերող TIMMS հետազոտությանը 2011թ. մասնակցել է, ընդհանուր առմամբ, 600 հազար աշակերտ՝ աշխարհի 63 երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից։

Հրապարակվել է 2 աղյուսակ՝ 4-րդ և 8-րդ դասարանցիների համար։

4-րդ դասարանի հայ դպրոցականները TIMMS-ի վարկանիշում 452 միավորով զբաղեցրել են 39-րդ տեղը։ Մաթեմատիկայի ոլորտում լավագույն արդյունքներ ցույց են տվել Ասիայի 4-րդ դասարանցիները՝ Սինգապուր (606 միավոր), Հարավային Կորեա (605 միավոր), Հոնկոնգ (602 միավոր), Ճապոնիա (585 միավոր)։ Ռուսաստանցի դպրոցականները վարկանիշում 10-րդն են, թուրքերը՝ 35-րդը, ադրբեջանցիները՝ 36-րդը։ Տարածաշրջանում մեզնից ետ են մնում Վրաստանը (40-րդ տեղ) և Իրանը (43-րդ տեղ)։

8-րդ դասարանցիների դեպքում պատկերն ավելի բարվոք է։ Մեր դպրոցականներն իրենց մաթեմատիկական գիտելիքներով 21-րդն են՝ 63 երկրների շարքում։ Այս վարկանիշում Ադրբեջանը չկա, իսկ թուրքերից առաջ ենք 3 հորիզոնականով։ Նշենք, որ 8-րդ դասարանցիների դեպքում նույնպես առաջատարները ասիացիներն են՝ Կորեա, Սինգապուր, Չինական Տայպեյ, Հոնկոնգ և Ճապոնիա։ Ռուս դպրոցականները 6-րդ տեղում են։

Ավելացնենք, որ մաթեմատիկային և բնագիտությանը վերաբերող վարկանիշերը հրապարակվում են արդեն 20 տարի։ Գնահատման համար հիմք են հանդիսանում թեստային աշխատանքները, ինչպես նաև՝ աշակերտների և նրանց ուսուցիչների հետ հարցուպատասխանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս