ՀԱԿ-ի երթի մասնակիցների առջև ճանապարհներ չեն փակվել
Այսօր ժամը 13:00-ին Հայ ազգային կոնգրեսն «Ազատության» հրապարակից կազմակերպելու է երթ` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: 168.am-ի հարցին, արդյոք այսօր ցուցարարների հոսքը խոչընդոտելու համար փակվե՞լ են մարզերից դեպի Երևան տանող ճանապարհները, ինչպես սովորաբար լինում է ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը անուղղակիորեն բացասական պատասխան տվեց` նշելով, որ այսօր լինելու է ոչ թե հանրահավաք, այլ երթ` Մարդու իրավունքերի օրվա կապակցությամբ:
«Կարծում եմ` այսօր այն օրը չէ, որ պետք է ճանապարհներ փակեն: Սա քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որը մենք նշում ենք ամեն տարի` երթի տեսքով: Բնականաբար, Հայաստանում ոտնահարված են նաև մարդու իրավունքները, և որպեսզի մենք կարողանանք ի ցույց դնել մեր պայքարը` հանուն այդ իրավունքների, մենք ամենամյա երթ ենք կազմակերպում: Իշխանությունը և ոստիկանությունը պիտի գիտակցեն, որ սա այն դեպքը չէ, որ մարդկանց երթի առջև պետք է խոչընդոտներ ստեղծել: Հույս ունեմ, որ այդպես չի լինի»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: